Չնայած երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, ավելի քան 30 տոկոս աղքատությանը, իշխանություններն անխնա շռայլում են պետական բյուջեի միջոցները:
Կառավարությունը նախորդ շաբաթվա իր նիստում որոշում է կայացրել ՀՀ պետական բյուջեից 33 մլն 150 հազար դրամ տրամադրել ԱԺ-ի համար «Toyota Land Cruiser» գնելու նպատակով: Խոստովանենք, սա բավականին շքեղ մեքենա է, բավականին մեծ հնարավորություններով ու հզորություններով, համարվում է ճանապարհների համար հարմար փոխադրամիջոց: Պատահական չէ, որ կառավարության նիստից հետո, երբ լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրել էին, թե ինչ իմաստ ունի այդքան շքեղ մեքենա գնելը, վերջինս պատասխանել էր.
«Երեւի որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա, երեւի լեռնային շրջաններ այցելությունների համար է»: «Ժողովուրդ»-ը ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից փորձեց իմանալ ԱԺ-ի պաշտոնական տեսակետը: Ըստ այդմ, Ազգային ժողովի ավտոպարկը հին էր, եւ այն թարմացնելու անհրաժեշտություն էր առաջացել. նոր մեքենան ձմռան ամիսներին սպասարկելու է ԱԺ նախագահին ու ԱԺ օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին, նաեւ օգտագործվելու է մարզային այցերի ժամանակ:
Ի դեպ, «Toyota Land Cruiser»-ն իրականում գնվել է շատ ավելի թանկ գնով. մեքենան արժի մոտ 43 մլն 150 հազար դրամ կամ ավելի քան 100 հազար դոլար: Ինչպես տեղեկանում ենք կառավարության որոշման հիմնավորումներից, դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ-ի ու «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի միջեւ կնքվել էր պայմանագիր` այդ մեքենան գնելու նպատակով, այն ժամանակ փոխանցվել էր մեքենայի արժեքի մի մասը` 10 մլն դրամ, իսկ ահա մնացած գումարը տրվում է այս տարվա բյուջեից:
ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից նաեւ տեղեկացանք, որ մեքենան գնվել է ԱԺ-ին հատկացված գումարներից առաջացած տնտեսումներից` խնայողությունների հաշվին:
Բայց միայն խորհրդարանը չէ, որ իրեն նման շռայլություններ է թույլ տալիս. այս հարցում պակաս ակտիվ չէ նաեւ կառավարությունը: Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում հասցրել է լինել Մինսկում եւ Սոչիում, եւ ամեն անգամ նա մեկնել է հատուկ չվերթով: Վարչապետի երկու այցերը, ինչպես պարզեցինք «Էյր Արմենիա»-ի հետ կնքված պայմանագրերից, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 36 մլն 175 հազար դրամ կամ մոտ 89 հազար դոլար: Գումար, որը կարելի է պատկառելի համարել, եւ որով Հայաստանում կարելի էր բավականին լուրջ խնդիրներ լուծել:
Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը եւս ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում: Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի ու «Էյր Արմենիա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի` 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար: Սա ենթադրում է Ս․ Սարգսյանի այցերի ծախսերը` ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր եւ օրապահիկ:
Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով եւս 100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Իսկ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել` այս անգամ Ս․ Սարգսյանի չվերթերի ծախսերի համար: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար էլ ծախսվել է Ս. Սարգսյանի չվերթերի կազմակերպման համար:
Համեմատության համար նշենք, որ Երեւանի դպրոցներին ՀՀ պետական բյուջեից տարեկան տրամադրվում է մոտ 10-15 մլն դրամ, Ծանրամարտի մանկապատանեկան դպրոցին տրամադրվել է 800 հազար դրամ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին` 1.3 մլն դրամ, Գյումրիի թեթեւ աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին` մոտ 850 հազար դրամ: Պատկերացրեք` եթե պետական պաշտոնյաների ուղեւորությունների համար նախատեսված միջոցների մի մասը տրամադրվեին նման նպատակով, այն շատ ավելի մեծ արդյունք կունենար, քան այս դեպքում է:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ