Համալիրի լիազորված անձը տեղյակ է եղել վտարման մասին որոշմանը. ԴԱՀԿ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն այցելել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր և այնտեղի աշխատակիցներին դուրս հրավիրել շենքից:

Քիչ առաջ ԴԱՀԿ-ից Armlur.am-ը տեղեկացավ, որ նախօրեին ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա ԴԱՀԿ-ից տեղեկացնում են, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:

Փաստի առիթով ԴԱՀԿ-ն ներկայացնում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության:

Տեսանյութը` ԴԱՀԿ-ի:




Լրահոս