ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են , որ նախնական պայմանավորվածության համաձայն` Ալմաթիում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց հետո Արաբական Միացյալ Էմիրություններով Երեւան վերադարձի ճանապարհին ՀՀ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակությունը մարտի 29-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մուրրի հետ: ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ հույս հայտնեց, որ այն իր նպաստը կունենա երկկողմ միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը եւ բարձր է գնահատում ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ: Փոխադարձ գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, ընդգծվեց միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանն ու հետագա խորացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը նշելով, որ Հայաստանում արդեն ձեւավորված է ՀՀ-ԱՄԷ բարեկամության խումբ: Ի պատասխան, ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը հավաստիացրեց, որ իրենց Ազգային խորհրդում մոտ ապագայում բարեկամության այդպիսի խումբ կձեւավորվի նաեւ Հայաստանի հետ: Մ. Ա. Մուրրը եւս շեշտեց միջխորհրդարանական շրջանակներում փոխայցելությունների եւ հանդիպումների կազմակերպման կարեւորությունը, ինչը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա խորացմանը: Հատուկ կարեւորվեց առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության բնագավառներում հետագա համագործակցության խթանումը, ինչը կարեւոր գործոն է ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացման եւ փոխվստահության ամրապնդման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց նաեւ Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը եւ հույս հայտնեց, որ էմիրաթական կողմն իր մասնակցությունը կունենա ծրագրերի իրականացման գործում, հատկապես, որ դրանց շնորհիվ Ծոցի տարածաշրջանի երկրները ամենակարճ ճանապարհով ելք կունենան դեպի Սեւ ծով եւ Եվրոպա: Պարոն Նիկոյանը ներկայացրեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձավ տարածաշրջանի այլ խնդիրների:
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ