Մի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նստում է ավտոբուսն ու մեկնում Հայաստանի մարզեր` բնակիչներին ավետելով, որ կառավարությունն արդեն դեմքով շրջվել է դեպի գյուղացին, մյուս կողմից նրա սիրելի մենաշնորհատերերը (Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղ, Միքայել Բաղդասարովը) բարձրացնում են դիզվառելիքի գինը: Ու այդ 20 դրամի պատճառով սպասվող գարնանացանի ծավալները հաստատ կնվազեն: Էլ չենք խոսում քաղաքացիների մասին, որոնց համար եւս լուրջ խնդիր է 1 լիտր բենզինի համար 20 դրամ ավել վճարելը: «Պրեմիում» դասի բենզինի գինը վերջին 1 տարում առաջին անգամ գերազանցել է 500 դրամը` կազմելով 510 դրամ 1 լիտրի համար: «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը 490 դրամ է: «Սուպեր» տեսակի բենզին մեծամասամբ չի առաջարկվում: Ու երեկ` ողջ օրվա ընթացքում, որեւէ պաշտոնական մեկնաբանություն չհնչեց, թե ինչու է թանկացել բենզինը:
Հանգստյան օրերին մատուցված այդ «անակնկալի» առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ֆլեշ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մուշեղ Էլչյանի հետ, ով հայտարարեց. «Վառելանյութի գինը բարձրացել է` կապված միջազգային գների հետ, եւ հավանական է, որ էլի կբարձրանա»: Նկատենք, որ երբ միջազգային շուկայում որեւէ ապրանքատեսակի գինը նվազում է, Հայաստանում երբեք նման բան չի լինում: Մեզ մոտ միայն բարձրացումն է «դրսից ազդում»:
ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ` ՀԱՎԱՏԱ՞ՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ