Վերաքննիչը բեկանեց Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Կարինե Հակոբյանի նախագահությամբ, պետք է հրապարակվեր գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկ) բողոքի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի մասով վերաքննիչ բողոքի վճիռը:

Ըստ Խ. Խաչատրյանի՝ օրաթերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում եւ ինչ խնդիրներ է ունեցել ՊԵԿ-ի հետ:

Պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, մենք փորձել էինք Խաչատրյանից տեղեկությունը ճշտել, սակայն հարցին պատասխանելու փոխարեն գործարար Խաչատրյանը հայհոյել էր լրագրողին:

Տեղեկացնենք, որ նիստը նշանակված էր ժամը 12:02-ին և պետք է կայանար 318 նիստերի դահլիճում: Armlur.am-ի նկարահանող խումբն ու պատասխանող Սոնա Գրիգորյանը դատարան էին ներկայացել 11:40-ին: Սակայն ժամը մոտ 12:30-ն էր, բայց անհասկանալի պատճառներով նիստը չէր մեկնարկում: Փորձեցինք հասկանալ` որն է ուշացման պատճառը:

Կապ հաստատելով նախագահող դատավորի օգնականի հետ` տեղեկացանք, որ 320 դահլիճում արդեն հրապարակվել է վճիռն առանց կողմերի ներկայության: Երբ փորձեցինք պարզել, թե երբ է հրապարակվել վճիռը, և ինչու չեն հայտնել դահլիճի փոխելու մասին, աշխատակցուհին մեզ հայտարարեց. «Ես եկա հարցրի` ո՞վ է Կարինե Հակոբյանին սպասում, ոչ ոք ձայն չհանեց: Ես հո հերթով չեմ մոտենա` հարցնեմ»:

Փաստորեն պատշաճ կերպով հայտնելու կամ ծանուցելու փոխարեն գործում է դատարանի միջանցքում բարձրաձայն հարց ու պատասխան տալը:

Այնուհետեւ, մեզ «բախտ» վիճակվեց ծանոթանալ դատարանի կայացրած որոշմանը: Այսպիսով` դատարանը որոշել է վերաքննիչ բողքը բավարարել մասնակի: Բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Տաթև Հարությունյան




Լրահոս