ԸՍՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի  իններորդ տեղում հանգրվանած ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե ընտրակաշառք տվողն ու ընտրակաշառք վերցնողը  Հանրապետական կուսակցության ցուցակի 1-ին եւ 17-րդ տեղերում են: Առաջին տեղում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն է, իսկ տասնյոթերորդում` Արտաշես Գեղամյանը: «Հիշում եք, չէ՞ 2004 թվականը, երբ Սարգսյանի կողմից դատարկ դհոլ  անվանումն ստացած  հայտնի գործիչն ասաց, որ 3 միլիոն դոլար է ստացել, սակայն Սարգսյանն էլ հայտարարեց, որ 300 հազար դոլար է ընդամենը տվել նրան: Հիմա ստացվում է, որ այն մարդը, ով ասում է, որ գումար է  տվել, եւ այն մարդն, ով հայտարարել է, որ գումար է ստացել, նույն կուսակցության  համամասնական  ցուցակում զբաղեցնում  են առաջատար տեղեր: Ինչպե՞ս պետք է ընտրակաշառքներից զերծ մնանք նման դեպքերում»,-հարցրել է Հովհաննիսյանը: Այս հիշեցումն, ինչ խոսք, բավական տեղին է, եւ  Սերժ Սարգսյանի` Գեղամյանի մասին ասած «մի զրո ավել է ասել» խոսքերը շատերն են հիշում: Խնդիրն այն է, թե որքանով է ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակում  գտնվող գործչի այսօրինակ պահվածքը համահունչ կոալիցիոն եռյակի կողմից փետրվարի 13-ին ձեռք բերված վերջին պայմանավորվածությանը, որով կողմերը պարտավորվել էին գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում:
Հիշեցնենք, որ  բոլորովին վերջերս Հանրապետական կուսակցությունը խիստ նկատողություն հայտարարեց իր անդամներից Արթուր Հարությունյանին` Պալաչին, այն բանի համար, որ նա իրեն թույլ էր տվել Գագիկ Ծառուկյանին, ում հետ հակասություններ ուներ, դիմել հայտնի մականվամբ: Եւ հիմա հարց է առաջանում, արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ, պահպանելով  գործընկերության կանոնները, պատասխան քայլը կանի` նկատողություն հայտարարելով Հմայակ Հովհաննիսյանին: Իհարկե, ԲՀԿ-ից կարող են ասել, որ Հմայակ Հովհաննիսյանի ասածները  նորություն չեն, եւ այդ մասին ժամանակին գրել է մամուլը: Սակայն  նույն կերպ եւ ՀՀԿ-ում կարող էին ասել, որ Ծառուկյանի  մականունը հայտնի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու` մեծից փոքր, էլ չասած, որ Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ ԲՀԿ առաջնորդին դիմում էր բացառապես մականունով: Բայց չնայած դրան, Պալաչն իրենը ստացավ: Այստեղ, սակայն, կա մի նրբություն. Հմայակ Հովհաննիսյանը թեեւ ԲՀԿ ցուցակում է, բայց   անկուսակցական է: Ասել է թե` Հովհաննիսյանը, արտահայտելով ԲՀԿ ղեկավարության իրական տեսակետը, միեւնույն ժամանակ վերջիններիս կողմից կարող է ներկայացվել իբրեւ կուսակցության հետ կապ չունեցող, սեփական կարծիքն արտահայտող գործիչ: Ըստ ամենայնի, առաջիկայում ԲՀԿ-ամուտ,  անկուսակցական Հովհաննիսյանին կպատասխանի ՀՀԿ-ամուտ, ԱՄ-ական Գեղամյանը` մոտավորապես նույն ոգով: Այսինքն` հավատարիմ մնալով ստորագրած համաձայնագրին, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կանցնեն միջնորդավորված փոխադարձ կծոցների:




Լրահոս