Ամենակարևորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերով կապերի պահպանումն ու ամրապնդումն է. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը եւ հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երկրի վարչապետը ողջունել է ամառային դպրոցի ներկայացուցիչներին, կարեւորել դրա շարունակականությունը եւ ընդհանրապես նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը: «Նման ծրագրերը մեր երկրի համար շատ կարեւոր են. ամենակարեւորը, որ դրանց միջոցով պետք է փորձենք ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ եւ ակտիվացնել նման այցերը, առիթներ ստեղծենք, որպեսզի դուք կարողանաք այցելել հայրենիք», – դիմելով ներկաներին՝ նշել է գործադիրի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը նպաստող այսպիսի ծրագրերի իրականացմանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին եւ ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության եւ ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետեւ ծավալվել է անկաշկանդ զրույց, որի շրջանակում Հայաստանի վարչապետը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Կառավարության ղեկավարը ներկաների խնդրանքով անդրադարձել է ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսական զարգացման առաջնահերթություններին, սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ ծրագրերի իրականացմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված համահայկական ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը եւ այլ խնդիրների:

Եզրափակելով խոսքը՝ վարչապետ Աբրահամյանը հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին շարունակել Մայր հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը: «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն իրականացվում է 2012 թվականից Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ: Այս տարի դասընթացներն իրականացվում են վեց ուղղությամբ՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի  արեւմտահայերեն եւ արեւելահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց» եւ 2014 թվականից նաեւ՝ «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ աշխատակիցների վերապատրաստման դասընթաց»: Դպրոցը մեկնարկել է հուլիսի 7-ին՝ հայոց լեզվի դասընթացով, կեզրափակվի օգոստոսի 2-ին՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացով: Ընդհանուր առմամբ դպրոցի դասընթացներին մասնակցում է Սփյուռքից ժամանած շուրջ 250 մասնակից:




Լրահոս