
Երեկ Կոտայքի մարզի Արամուս գյուղում ոստիկանության դանակահարված աշխատակիցը` 27-ամյա Պետրոս Կարախանյանը, ոստիկանությանը դեռևս հաղորդում չի տվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից` հավելելով, որ Կարախանյանը դանակահարության արդյունքում ստացել է կողակեղի ծակած վերք ձախից և ձախ բազկի ծակած վերք: Այս պահին Կարախանյանը գտնվում է Աբովյան ԲԿ-ում, որտեղից մեզ հայտնեցին, որ նրա վիճակը կայուն բավարար է:
Armlur.am-ի հետ զրույցում Արամուս գյուղի ղեկավար Հրայր Նիկողոսյանը հայտնեց, որ դանակահարության մեջ կասկածվում է Արամուսի 23-ամյա բնակիչ Նարեկ Պողոսյանը, ով գյուղում փոքրիկ խանութ ունի:
«Նարեկը Կարախանյանի կնոջ հորեղբոր տղան է: Ասում են` վիճաբանություն է եղել բարեկամների մեջ, ու Նարեկը Պետրոսին մի քանի անգամ խփել է դանակով»,- նշեց Արամուսի համայնքապետը` հավելելով, որ Նարեկ Պողոսյանն ամուսնացած չէ:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ Պ. Կարախանյանն աշխատում է ոստիկանության Աբովյանի բաժնի պարեկապահակային ծառայության գնդում:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին նաև, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նարեկ Պողոսյանը ձերբակալված է: