Սահմանամերձ գյուղերի ղեկավարները կողմ են բնակիչներին զինելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Վալերի Ճաղարյանը, ով հրազենային վիրավորում էր ստացել հակառակորդի արձակած կրակոցից, այս պահին առողջական խնդիրներ չունի: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը, եթե գնդակը չդիպչեր Ճաղարյանի ուսին, այլ մի փոքր ներքև, փրկվելու հավանականությունը փոքր կլիներ:

Սասուն Սաֆարյանի փոխանցմամբ` այս պահին կրակոցներ չկան, սակայն ամեն վայրկյան կարող են հնչել:

«Վատը նա է, որ երեխաները, ովքեր գնում են մոշ հավաքելու, և անասնապահները վտանգի տակ են ամեն վայրկյան»,- իր խոսքում նշեց Այգեձորի համայնքապետը:

Վերջինս, անդրադառնալով հուլիսի 28-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկին, որի համաձայն պետք է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինել, նշեց, որ ինքը կողմ է դրան, քանի որ կա անհրաժեշտություն, և լրացուցիչ ապահովությունը չէր խանգարի:

«Իրականում չեն զինում, ամեն գյուղի մեկ-երկու զենք են տալիս, մասսայական չի դա: Մեր գյուղում ջրային տեխնիկներ կան, ակունքներն էլ սահամանին մոտ են, առանց զենք որ գնում են, ապահով չի լինում»,- նշեց գյուղապետը:

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հուլիսի 1-ին ադրբեջանական զինուժն Այգեձոր գյուղի մերձակայքում դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է արել:

Իսկ Բերքաբերի համայնքապետ Արթուր Մադաթյանն էլ նշեց, որ կրակոցներ այնտեղ հնչում են պարբերաբար և երկարատև: Մադաթյանի խոսքերով` կրակոցներ արձակվում են թե երեխաների, թե մեծահասակների ուղղությամբ:

«Երջանիկ պատահականություն է, որ դեռևս մարդկային զոհեր չունենք: Մարդկանց զինել արժի, բայց մեր բախտը չի բերում, որովհետև պետք է զենք բռնելու ստաժ ունենանք: Ես 22 տարի ծառայել եմ բանակում, որսորդության անդամ էլ եմ, բայց պետք է 5 տարի իմ անվան վրա գրանցված զենք ունենամ, որպեսզի հետո կարողանան ինձ զենք տան: Զինելն իհարկե շատ լավ կլինի: Դա նույնպես անվտանգ լինելու ձև է, բայց միայն վստահելի մարդկանց կարող են տալ, ամեն մեկին չեն տալիս»,- շարունակելով խոսքը` ասաց համայնքապետը:

Վերջինիս խոսքերով` հակառակորդն իրենց անընդհատ խուճապի մեջ է պահում: Սակայն միաժամանակ նշեց, որ իրենց մոտ դիվերսիոն խմբի առկայության հավանականությունը փոքր է, քանի որ իրենք ջրամբարի մոտ են` մի ափին իրենք են, մյուսին` հակառակորդը:

Վերջիններս էլ իրենց հողերն են տնօրինում:




Լրահոս