Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ հերթական անգամ հավաքվել էր Ագրարային համալսարանի տարածքում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Նա նշեց, թե իրենց անձնակազմի ոչ բոլոր անդամներն են այժմ արձակուրդում գտնվում և ներկաների ու ՕԵԿ-ի անդամների միջև տհաճ խոսակցություն է տեղի ունեցել:
«Տհաճ խոսակցություններ եղան, արտահայտություններ մերոնց հասցեին, մի քիչ մերոնք խոսեցին, մի քիչ իրենք: Մեր անձնակազմն էլ այսօր է հավաքվել բուհի դիմաց ու թույլ չի տվել շինարարությունը շարունակել», – նշեց նա:
Էֆենդյանը մանրամասնեց, թե համալսարանի անձնակազմին բացատրել է, որ պետք է սպասել դատարանի որոշմանը և իրենք որոշել են չիջնել ՕԵԿ-ի մակարդակին:
«Ես ՕԵԿ-ին ասում եմ՝ շինարարություն եք անում, մարդիկ անհանգիստ են, բայց դուք ոչ թույլտվություն ունեք, ոչ նախագիծ ունեք, նախագիծը փորձաքննություն չի անցել: Կա քաղաքակիրթ ձև. թող դիմեն քաղաքապետարան, ստանան շինթույլտվություն և կառուցեն, եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են», – հավելեց նա:
Էֆենդյանը հավաստիացրեց, թե համալսարանի անձնակազմը շատ խաղաղ հեռացել է, բայց որոշել են անհրաժեշտության դեպքում կրկին հավաքվել և պայքարել անօրինականության դեմ: