ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
ՄԻՊ գրասենյակը երեկ զեկույց է հրապարակել, որով, ըստ էության, արձանագրել է, որ ՀՌԱՀ-ն անգործության է մատնված: Զեկույցում, մասնավորապես, ասված է. «Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ օրինախախտումների, այդ թվում` բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները»:

ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանի գնահատմամբ` ԲՀԿ-ն խաբում է ժողովրդին. «Բարգավաճականները, հինգ տարի լինելով իշխանություն եւ օգտվելով իշխանության բարիքներից, չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել ու ամբողջ պատասխանատվությունն ուզում են գցել ՀՀԿ-ի վրա: Ընդունել են կեցվածք, ասես ընդդիմադիրից ընդդիմադիր են: Այս պահին ՀՀԿ-ն ավելի բարոյական տեսանկյունից է հանդես գալիս, քանի որ չի փորձում խուսափել պատասխանատվությունից»: Իսկ ՕԵԿ-ի մասին Առաքելյանն ունի հետեւյալ կարծիքը. «ՕԵԿ-ը դուստր ձեռնարկություն է` ակումբային մակարդակով Հանրապետականի կցորդը, բնական է, ՀՀԿ-ն պիտի գովի նրանց»:

ՇՈ՛ՒՏ ՈՐՈՇԵՔ
2012թ. մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության` մարտի 15-ին տրամադրած տեղեկանքը հաշվի չառնել եւ սահմանված կարգով իրեն գրանցել որպես պատգամավորի թեկնածու: «Հաշվի առնելով այն, որ, իմ համոզմամբ, բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաեւ ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ` իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ»,-նշել է Խաչատուր Սուքիասյանը:

ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
ՀՅԴ-ի առաջին նախընտրական հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը` ընդգծելով, որ հանրահավաքի սկիզբը նախատեսված է ժամը 19:00-ին:

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՆ
«Առավոտ»-ի հարցին` ինչպես կմեկնաբանեք վերջին շրջանում Դաշնակցության հասցեին հնչող այն կարծիքները, թե Դաշնակցության անվան կողքից պետք է հանել «հեղափոխական» բառը եւ փոխարենն ասել Հայ հակահեղափոխական դաշնակցություն, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Դաշնակցությունը միշտ հեղափոխական էր եւ հեղափոխական է, պարզապես էդ մարդիկ չեն հասկանում` հեղափոխությունն ինչ է, եւ դրա պատճառով տալիս են նման գնահատականներ»:




Լրահոս