Թեեւ ՀՀ վարչապետն ամենշաբաթյա իր մարզային այցելությունների շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հայտնի ժպիտով խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու, եթե իրենք կրկին գան իշխանության, սակայն իրականությունը միանգամայն հակառակն է: Գարնանային հանգստյան օրերին միանգամից 20 դրամով թանկացավ դիզվառելիքը:
Ի՞նչ են մտածում այս իրողության մասին ՀՀ քաղաքացիները: «Ժողովուրդ»-ը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում փոքրիկ հարցում անցկացրեց, որի ընթացքում պարզվեց, որ մարդիկ միանշանակ դժգոհ էին բենզինի գնի բարձրացումից: 26-ամյա Մեսրոպը, ով ապրում է Էջմիածնում, բայց աշխատում Երեւանում, ցավով արձանագրեց, որ ինքը երկար ժամանակ է, ինչ սեփական BMW մակնիշի ավտոմեքենան չի օգտագործում. «Ես օրական աշխատում եմ 5000 դրամ, իսկ վառելանյութի համար պետք է վճարեմ 3000 դրամ: Դրա համար էլ մեքենաս չեմ հանում ավտոտնակից»: 30-ամյա Պետրոս Թովմասյանը եւս դժգոհեց անակնկալ թանկացումից. «Ամեն անգամ գինը բարձրացնում են: Եթե նախկինում 10 դրամով էր, հիմա արդեն միանգամից 20 դրամով թանկացրին: Ի՞նչ անենք: Մենակ իրենք են ուզո՞ւմ ավտո քշեն: Ուզում են, որ մեր համար անհասանելի լինի՞ բենզինով մեքենա վարելը: 1 եվրոյից թանկ ա, սենց բան ո՞ր երկրում կա»: Բայց չնայած այս իրողությանը, մարդիկ համակերպվել են իրավիճակի հետ: «20 դրամի համար հո բունտ չե՞նք անելու, մեկա չեն լսում, ինչքան ուզում է` անենք, համակերպվել ենք արդեն»,-ասաց երիտասարդ անցորդներից մեկը:
«Ժողովուրդ»-ն այս հարցով զրուցեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով ցավով նշեց, որ դիզվառելիքի գների բարձրացումն անշեղորեն աճի տենդենց ունի, ինչն անդրադառնում է նաեւ մյուս ապրանքների եւ ծառայությունների վրա: Սպառողների ասոցիացիայի նախագահը բացատրեց, որ այսօրվա իրավիճակի պատճառը գերկենտրոնացված շուկան է: «Մեր երկրի օրենսդրությամբ կարող է մոնոպոլիա լինել, բայց պետք է գոնե մշակված օրենսդրության կանոնները չխախտեն,-նշեց նա` առաջարկելով իր լուծման հետեւյալ տարբերակը,-պետությունը պետք է սահմանի քվոտա: Եթե դու Լֆիկն ես` 30 տոկոսի իրավունք ունես, դու Հայրապետն ես` 30 տոկոս ունես, պետք է իրենք` պոտենցիալ ներկրողները, քվոտաների համար մրցակցեն, ոչ թե մեկն ամբողջը տիրապետի, մյուսը` ոչինչ»:
Դիզվառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք նաեւ տնտեսագետ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ: Նրա խոսքերով` համաշխարհային շուկայում վառելանյութի գների աճ նկատվում է վերջին մեկ ամսվա ընթացքում, սակայն Հայաստանի վրա, չգիտես ինչու, շատ արագ է ազդում այդ թանկացումը: «Մեզ այդպես էլ չեն բացատրում, թե Հայաստան ներկրված բեզինի քանակությունը երբ է գնվել, որովհետեւ, ի վերջո, դա գնում են երկու-երեք ամիս առաջ: Սա նշանակում է, որ այսօր բարձրացված բենզինի գինը ներկրողների համար շահույթ է ապահովում: Չէ՞ որ միանգամից բարձրացված գնով չեն գնում բենզինը»,-նկատեց նա` պարզաբանելով, որ Հայաստանում այս բնագավառը խիստ մոնոպոլացված է, եւ գինը ազատ շուկայական պայմաններում չի ձեւավորվում:
«Գնի թանկացումն ու էժանացումը կախված է այն մարդկանց ցանկություններից, որոնք թույլատրել են բենզին ներկրողներին զբաղվել այդ գործով»,-ասաց Խաչատրյանը` ավելացնելով, որ մենք ամեն անգամ կանգնելու ենք նման իրավիճակների առջեւ: Նրա կանխատեսմամբ` այս սեզոնին դիզվառելիքի գնի բարձրացումը ոչ միայն գյուղացիների աշխատանքի վրա կարող է ազդեցություն ունենալ, այլեւ քաղաքացիների սպառողական զամբյուղի:
Խաչատրյանը Հայաստանի տնտեսագիտական կյանքում մի աբսուրդ էլ է արձանագրում. «Ներսում տեղական արտարժույթն էժանանում է, իսկ ներմուծված ապրանքի գինը բարձրանում է: Այդ ամեն ինչը համատեղել հնարավոր չէ: Բայց իրավիճակն այդպիսին է, քանի որ Հայաստանի տնտեսությունում մրցակցություն չկա: Սա տնտեսագիտության պարզագույն այբբենարանն է, որը իշխանությունը չի փորձում կիրառել»:
Իսկ թե իրականում ինչու է բարձրացել բենզինի գինը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց ներկրող ընկերություններից: Զանգահարեցինք «Ֆլեշ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մուշեղ Էլչյանին: Հարցին, թե վառելանյութը դարձյալ թանկանալու է, Մուշեղ Էլչյանը պատասխանեց. «Հավանականությունը մեծ է, որ էլի կթանկանա: Այն կապված է վառելանյութի միջազգային գների հետ»:
Իսկ «Սիթի փեթրոլ գրուպ» ընկերության հետ չհաջողվեց կապվել, նրանք երբ լսում էին` «Ժողովուրդ» օրաթերթից են իրենց անհանգստացնում, լկտիաբար վայր էին դնում լսափողը, ուստի չկարողացանք Հայաստանի դիզվառելանյութի մենաշնորհ ունեցող ընկերությունից պաշտոնապես պարզաբանում ստանալ բենզինի թանկացման վերաբերյալ:
Այսպիսով` ինչքան գործող իշխանությունը խնդրում է հավատալ իրեն, այնքան իրավիճակը հավատ չի ներշնչում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը Տիգրան Սարգսյանին վարչապետ դարձնողն է: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:
ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԵՆԱՇՆՈՐՀՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ