Մարտի 25-ին Գյումրիում տեղի ունեցավ ԵԿՄ հաշվետու ընտրական ժողովը, որին մասնակցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: Հրավիրված էին նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, ազատամարտիկներ: Շիրակի մարզի եւ Գյումրու տարածքային վարչության անդամներն ամփոփեցին անցած 2 տարիները, ինչպես նաեւ ընտրեցին Գյումրու տարածքային վարչության ղեկավարին եւ անդամներին: Ավելի շուտ, նախկին կազմը վերընտրվեց. ԵԿՄ Գյումրու տարածքային բաժանմունքի նախագահ Վարդան Սարգսյանը շարունակելու է իր գործունեությունը նույն պաշտոնում:
Հաշվետու ընտրական ժողովն այս անգամ առանձնացավ նրանով, որ ԵԿՄ անդամներն ավելի շատ խոսեցին այն մասին, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որ իրենք հեռու են կուսակցություններից եւ կուսակցական ինտրիգներից: Այսպիսի բովանդակությամբ ելույթները, իհարկե, հարուցում էին դահլիճում հավաքվածների ծիծաղն ու զայրույթը:
Մանվել Գրիգորյանը չէր եկել ժողովին, այլապես նրան ասելու շատ բան ունեին ազատամարտիկների հարազատները: Նախ այն, թե խիստ ապաքաղաքականացված կառույցի ղեկավարի անունն ինչ գործ ունի ՀՀԿ ցուցակում, եւ արդյոք առաջիկա ընտրություններին պատրաստվելն է պատճառը, որ գեներալ Մանվելը նպատակահարմար չէր գտել գալ Գյումրի եւ անձամբ լսել այն բազմաթիվ բողոք- դժգոհությունները, որոնք ունեին ժողովի մասնակիցները: Օրինակ` այն, որ կառավարության որոշմամբ անչափահաս երեխաներ ունեցող շատ ընտանիքների ընտանեկան նպաստը` շուրջ 30 հազար դրամ, դադարեցվել է` պատճառաբանությամբ, որ ազատամարտիկների ընտանիքներին հատկացվող թոշակն ավելացել է 5000 դրամով: «Մեզ վրա ծիծաղո՞ւմ եք», «Կանչել եք, որ շոո՞ւ ցույց տաք». դահլիճից հնչող այս եւ նմանատիպ բացականչությունները հազիվ էին զսպում ԵԿՄ անդամները: «Մենք ուզում էինք տեսնել գեներալ Մանվելին, եկել էինք` նրան հանդիպելու ակնկալիքով»,-նշեց «Զոհված ազատամարտիկի մայր» կազմակերպության Գյումրու կառույցի ներկայացուցիչ Էմմա Հովհաննիսյանը:
Ելույթով հանդես եկան նաեւ զոհված ազատամարտիկների մայրեր, պատերազմում վիրավորված եւ հաշմանդամ ազատամարտիկներ: Նրանք առաջարկեցին, որ հատուկ մարմին ստեղծվի, որը կզբաղվի զոհված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով: ԵԿՄ վարչության փոխնախագահը խոստացավ խնդիրը ներկայացնել վարչության նախագահին եւ կառավարության անդամներին:
Տեղի ունեցան նաեւ պարգեւատրումներ: Հայաստանի խաղաղության եւ ապահովության համար մեծ ավանդ ներդրած կամավորները պարգեւատրվեցին պաշտպանության բանակի հուշամեդալներով: Ապաքաղաքական կառույցի ներկայացուցիչները հուշամեդալով պարգեւատրեցին նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` չմանրամասնելով` կոնկրետ խաղաղության, թե ապահովության համար ներդրած ավանդի համար են հուշամեդալ տալիս քաղաքապետին:
Գյումրի