ՀԱԲ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈԿՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

www.mgpublications.com կայքը սենսացիոն տեղեկություններ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի մասին: Ըստ ամենայնի, այդ նյութը հրապարակվել է Հայաստանից ստացված հատուկ ցուցումներով, քանի որ այնտեղ հստակ մեսսիջներ կան` զուգորդված իրական տեղեկություններով:
Ըստ այդ կայքի՝ Քոչարյանը Մոսկվա է ժամանել՝ իր խոշոր ակտիվներն ու անշարժ գույքը վաճառելու նպատակով: Կայքը նշում է, որ խոսքը, մասնավորապես, Մոսկվայի ծայրամասերից մեկում գտնվող քոթեջային բնակավայրի, հողերի, ինչպես նաեւ՝ բնակելի ու ոչ բնակելի այլ անշարժ գույքի մասին է: Ընդ որում, կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեեւ Քոչարյանը բնակելի շինություններ ունի նաեւ Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, սակայն վաճառում է հենց Մոսկվայի ունեցվածքը: Կայքից նաեւ տեղականում ենք՝ այս գործում Քոչարյանը փորձել է իր համար կարեւոր այդ հարցում ստանալ ռուսական իշխանությունների աջակցությունը: www.mgpublications.com-ը զուգահեռներ է անցկացնում վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ, որի ժամանակ նա փորձել է ռուսներին համոզել նյութական օգնություն ցուցաբերել Հայաստանին:
Քոչարյանի՝ Մոսկվա կատարած այցից սահուն անցում կատարելով ԼՂ խնդրին՝ www.mgpublications.com կայքը նշում է, որ Կովկասի հարցով փորձագետները կանխատեսել էին՝ 2009 թվականին հնարավոր էր որոշակի լուծում գրանցել ղարաբաղյան հարցում: Սակայն, այդ կայքի կարծիքով, ադրբեջանա-թուրքական կոշտ հայտարարությունների համատեքստում ԼՂ խնդրում կարող է լուծում լինել, եթե Ադրբեջանին վերադարձվեն ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող յոթ տարածքները: Դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, եւ կվերանա Հայաստանի հանդեպ սահմանված քաղաքական ու ֆինանսատնտեսական շրջափակումը, ինչն էլ ինքնաբերաբար կբերի տարածաշրջանում ռուսական գործոնի նվազեցմանը: Կայքը այս առնչությամբ տեղեկացնում է, որ ռուսական կողմը համոզված է՝ իր ֆորպոստը համարվող ՀՀ-ում դոգմայի նման գերակշռում է հայ-թուրքական էթնիկ անհամատեղելիության թեզը: Իսկ նման տեսակետի հեղինակը, ըստ www.mgpublications.com-ի, Ռոբերտ Քոչարյանն է, որը հորինել էր այն ու մշտապես պնդել իր նախագահության ժամանակ: Հայ-թուրքական անհամատեղելիության դրույթն էլ իր հերթին հիմնավորել է հայ-ռուսական բարեկամության մասին տեսակետը: Կայքը գրում է, որ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանը խարխլում է ստեղծված իրավիճակը՝ ակտիվորեն սատարելով ու խորացնելով հայ-թուրքական երկխոսությունը: «Հայաստանը հաբ է ռուս եղբայրների համար, որը կարող է շատ դառը լինել, ինչի մասին վկայում է նաեւ Քոչարյանը»,-եզրափակում է կայքը:
Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի վերջին «տետ ա տետ» հանդիպումը ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անընդհատ քննարկման առարկա է դառնում: Երբ «Ժողովուրդ»-ը հրապարակեց, որ Պուտինն ու Քոչարյանը Մոսկվայում խոսել են նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին, որ Քոչարյանը դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից, անմիջապես քոչարյանական ու սարգսյանական կողմերը սկսեցին տարաբնույթ տեղեկատվություն հրապարակ նետել: Մեկ ասվեց, որ Քոչարյանի այցը պայմանավորված էր նախապես ՀՀ նախագահի նստավայրի հետ, մեկ կատակեցին, թե Քոչարյանը Պուտինի մոտ գնացել է խնդրանքով, որպեսզի իր բարեկամի լիկվիդի հարցերը կարգավորի եւ այլն: Իհարկե, բոլորի նպատակն էլ մեկն  էր` տարածել լուրեր, որ Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ որեւէ խնդիր չկա: Մենք եւս այդպես ենք կարծում, պարզապես լավ չէ, որ մեր մեծ եղբոր` Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ փորձ է արվում ներկայացնել մի սցենար, թե Քոչարյանն ու Սարգսյանն անհամատեղելի են: Թե ինչու, առայժմ դժվար է միանշանակ գնահատել:

Ա.ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս