«ՍԻՄՎՈԼԻԿ» ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզը ներկայացնող գյուղապետեր, կրթության եւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, պատմաբաններ ու քաղաքագետներ խորհրդարան մտնելու ակնկալիքով ընդգրկվել են այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում:
Սակայն այդ ներկայությունն այնքան սիմվոլիկ է, որ արդեն վստահ կարելի է ասել, որ մարզը պատշաճ ներկայացված չի լինի խորհրդարանում: Ցուցակներին նայելով` կարելի է ենթադրել, որ մայիսյան ընտրություններից հետո Շիրակի մարզից ավելի քիչ թվով մարդիկ կլինեն խորհրդարանում, թեեւ ցուցակներում շատերի անունները կարելի է գտնել, սակայն ոչ անցողիկ տեղերում: Օրինակ` թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը ՀՀԿ ցուցակի 246-րդ հորիզոնականում է, քաղաքագետ Արշավիր Գասպարյանը` ՀՅԴ համամասնական ցուցակի 71-րդ տեղում, Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանը` ՀԱԿ համամասնական ցուցակի 112-րդ հորիզոնականում: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկվել է նաեւ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Վերջինս զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: ՕԵԿ ցուցակի 32-րդ տեղում թիվ 30 դպրոցի տնօրեն Լենդրուշ Մանուկյանն է, 35-ում` ՍՊԱԾ ՀԲ տնօրեն Սերգեյ Նազարեթյանը: Վերջինս, սակայն,  պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Ուշագրավն այն է, որ Սերգեյ Նազարեթյանը չի հավատում, որ հնարավոր են արդար ընտրություններ: «Եթե Քրիստոսի անունն էլ մտցնեն ցուցակներ, մինչեւ փող չտա, չի անցնի»,-ասում է նա:
Մարզի կուսակցականներից շատերը չեն թաքցնում, որ հիասթափված են ցուցակների կազմից եւ այն հորիզոնականներից, որոնք սիմվոլիկ կարգով զբաղեցրել են:
Դաշնակցական, պատմաբան Արշավիր Գասպարյանը կարծում է, որ երբեք Շիրակի մարզն այսքան վատ ներկայացված չի եղել ընտրություններին. «Մարզը միայն կարող է լավ ներկայացնել մարզի բնակիչը: Սակայն մարզի ներկայացուցիչները հայտնվել են վերջին տասնյակներում»: Ա. Գասպարյանը կարծում է, որ ինչպես կանանց են պարտադիր ընդգրկում ցուցակների 6-րդ տեղերում, այդպես էլ համամասնորեն պետք է մարզերի բնակիչները ներկայացված լինեն խորհրդարանում:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի անցնենք, աշխատելու ենք այդ ուղղությամբ: Ցուցակի համարները մեզ համար էական չեն, թե որ համարում են մեր անունները»,-ասում է ՀՀՇ ներկայացուցիչ Գագիկ Վահրադյանը, ով զբաղեցնում է ՀԱԿ ցուցակի 112-րդ համարը:
Ի տարբերություն վերոհիշյալ անձանց` անցողիկ տեղերում են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը (68) եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (73): Սակայն պարզ է, որ նրանց ներկայությունը ՀՀԿ ցուցակում ձեւական բնույթ է կրում, ինչպես, օրինակ, ԲՀԿ համամասնական ցուցակի 42-րդ տեղը զբաղեցրած Վարդեւան Գրիգորյանի, ով անցած խորհրդարանական ընտրություններից հետո գերադասեց պատգամավորի մանդատը վայր դնել, քանի որ իր պաշտոնն ավելի շահավետ էր` ԳՊՄԻ ռեկտոր: Իսկ մեծամասնական ընտրակարգով Շիրակի մարզի 2 ընտրատարածքներում պայքարում են մայրաքաղաքից` ՀՀԿ-ականներ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) եւ գործարար Արման Սահակյանը: Եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց թեկնածությունն ամեն գնով սատարելու է ՀՀԿ-ն, պարզ է դառնում, որ մեծամասնականի այս 2 տեղերն էլ մարզի ներկայացուցիչներին բաժին չեն հասնի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս