72-ամյա Լուսյան ապրում է Երեւանում, ունի չորս որդի եւ բազում թոռներ: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր որդին` էդուարդը, 1995-ին գնացել է Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու նպատակով, ու մինչեւ հիմա ոչ մի տեղեկություն չունեն նրանից: Եղբայրները բազում փորձեր են արել` գտնելու, բայց ապարդյուն: Ամեն տեղ դիմել են, նույնիսկ «ՋՊՌ Վպվÿ» ռուսական հաղորդմանը, սակայն Էդուարդից լուր չունեն:
«Երբ հեռուստատեսային հաղորդումներով տեսնում եմ, թե ինչպես են գտնում իրենց հարազատներին, ինձ թվում է, թե ես եմ գտնում…»,-թրջված աչքերով եւ դողդոջուն ձայնով խոստովանեց Լուսյա տատիկը` պատմելով, որ տղայի գնալուց հետո ընդամենը մի անգամ է կապ ունեցել նրա հետ, իսկ հիմա ինչքան չարչարվում է, միեւնույն է, չի գտնում: «29 տարեկան էր, որ գնաց, հիմա 46 է դարձել,-ցավով նշեց Լուսյա տատիկը` ավելացնելով, որ իր հիշելով` նշան չուներ ոչ մի տեղ,-երբ փոքր էր, ոտքն այրել էր… հիմա չի էլ երեւա երեւի»:
Սրանից 3-4 տարի առաջ ծանոթ մի կին` Սուսան անունով, փորձել է օգնել տիկնոջը: «Ինքը պետական միլիցիայի բաժնում էր աշխատում` կոմպյուտերի վրա էր, էդ ժամանակ կոմպյուտերներն էսքան մասսայական չէին, բայց նա էլ չգտավ»,-պատմեց տիկին Լուսյան:
Մեր զրուցակիցը մեղմ ժպիտով հիշեց, որ այդ դեպքից տարիներ անց իր ծանոթներից «մի երկու հոգի» Էդուարդին տեսել են Նովոսիբիրսկում, սակայն չեն խոսել հետը, ինչն էլ նրա մոտ թերահավատություն է առաջացրել. գուցե խաբում են: Մայրը հիշում է, որ որդին գերազանցիկ էր սովորում, ուներ հումորի մեծ զգացում: «Որ կողքին մնայիր, էնքան կծիծաղեցներ… ոնց որ սաղ պատրաստ իրա բերանում պահած լիներ: Տղաս իր ուժերով մտավ ավտոդարոժնի տեխնիկում (ավտոճանապարհային տեխնիկում-Ս.Հ.), սովորեց»,-արցունքն աչքերին` «Ժողովուրդ»-ին պատմեց Էդուարդի մայրը` ցույց տալով տղայի դպրոցական ատեստատը, որը միակ հուշն է որդուց:
Մոր համար որդու անհետանալը մեծ առեղծված է, սակայն նա ի զորու չէ ինչ-որ բան փոխելու, միայն հույսով սպասում է, որ օրերից մի օր Էդուարդը կբացի իր տան դուռը:
ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՈՐԴԻՆ ՄԻ ՕՐ ԿԲԱՑԻ ԴՈՒՌԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ