ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂՈՒՄ ԵՆ ՎԱՐԿՈՎ ԵՐԿԻՐ ՊԱՀԵԼՈՒ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ ՀՀ պետական պարտքը գնալով անշեղորեն աճում է: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2013թ. ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 4.9 տոկոսով` դեկտեմբերի վերջի դրությամբ կազմելով 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Միայն 251 մլն դոլարով ավելացել է հենց կառավարության արտաքին պարտքը: Համեմատության համար նշենք, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման սկզբում` 2008թ., ՀՀ պետական պարտքը կազմել է 1.4 մլրդ դոլար: Փաստորեն, Տ. Սարգսյանի կառավարությունը մոտ 4 անգամ ավելացրել է ՀՀ պետական պարտքը: Ընդ որում, օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից շարունակում է վարկեր վերցնել՝ պարտքը փակելու անխուսափելի գործը թողնելով ՀՀ քաղաքացիներիս ուսերին: Նկատենք, սակայն, որ ավելի քան 4.5 մլրդ դոլարը ՀՀ պետական պարտքի մասին ամբողջական թիվը չէ. այս ամիսների ընթացքում Հայաստանը պարտք է կուտակել նաեւ ՌԴ-ից մատակարարվող գազի դիմաց. բայց արի՛ ու տե՛ս, որ այս գումարները գաղտնի են պահվում:

 
Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո), ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գտնվում են Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Նրանք այնտեղ վայելում են իրենց ձմեռային արձակուրդը: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից խնդրեցին հարցն ուղարկել գրավոր, սակայն այդպես էլ չպատասխանեցին: ՊԵԿ նախագահի մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Գ. Խաչատրյանը մինչեւ հունվարի 24-ն արձակուրդում կլինի, սակայն որեւէ տեղեկություն չունի, թե որտեղ է հանգստանում: Հետաքրքիրն այն է, որ հարավկորեացի երաժիշտ Փսիի «Գանգնամ սթայլ» հայտնի քեյ-փոփ ժանրի սինգլը հենց Սեուլի Գանգնամ թաղամասի ապրելակերպի մասին է պատմում: Գուցե հայ պաշտոնյաների կողմից հանգստավայրի ընտրությունը հենց սրանո՞վ է պայմանավորված:

 
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին: Նա տարակուսել է, որ որեւէ նախարար մինչ օրս ինքնակամ չի խոսել: Կարծես թե հրահանգը տեղ է հասել, ու երեկ արդեն ՀՀ կառավարության երկու անդամներ՝ ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանդես եկան հարցազրույցներով: Առաջիկայում էլի կլինեն ելույթներ: Սակայն վարչապետն անձամբ որոշել է այլեւս չանդրադառնալ Քոչարյանին: Մեր տեղեկություններով՝ նա իր հրապարակած գունագեղ աղյուսակը համարում է թեման փակելու լավագույն մեթոդը: Նկատենք, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը դիտորդի կարգավիճակ է «ձեռք բերել», մինչդեռ ցանկության դեպքում կարող էր կարծիք հայտնել անգամ հեռավոր երկրներից. ի վերջո, 21-րդ դարում տարածությունն ու ժամանակը խանգարող գործոն չեն:

 
Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստանը Եվրամիության երկրներից արված ներկրումների մասով գրանցել է 3.8 տոկոս աճ: Տեղեկացնենք, որ ՀՀ-ն հիմնական ապրանքները ներկրել է Ավստրիայից, Ֆինլանդիայից եւ Ռումինիայից: Իսկ այն, որ մեր երկրից արտահանման ծավալները նվազում են, նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրոպայում, ցավոք, մրցունակ չեն դառնում:

 
Սիամական

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` տեղեկացնելով երկրորդ նախագահի նոր հարցազրույցի մասին: Ինչպես ասում են, քանի գնում` կենացները քաղցրանում են: Եթե մինչեւ երեկ ոմանք դեռ կասկածում էին՝ արդյոք Ռ. Քոչարյան – Տ. Սարգսյան հեռակա լեզվակռիվը զուտ այդ երկու երբեմնի թիմակիցների միջանձնային հակասությունների արդյունք է, ապա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա հարցազրույցից, ապա՝ Քոչարյանի գրասենյակի չափազանց արագ արձագանքից հետո, կարծես թե հետագա զարգացումների նոր հեռանկար է ձեւավորվում: Ընդ որում, եթե անգամ Տիգրան Սարգսյանի հասցեին իր տարեվերջյան «չափից դուրս շիտակ» բնութագրումով Ռոբերտ Քոչարյանն իր առջեւ դրել էր ընդամենը մեկանգամյա հակադարձման խնդիր, ապա դրան հետեւած զարգացումներից դատելով` այժմ արդեն նախկին նախագահը հայտնվել է «պարը մտնողը պիտի շորորա» իրավիճակում:
Արդեն երկրորդ հարցազրույցում, ինչպես նաեւ դրան հետեւած քոչարյանական լրատվամիջոցների քարոզչությունից տեսանելի է դառնում, որ նախկին նախագահի թիրախն ավելի ընդգրկուն է, քան վարչապետ Տ. Սարգսյանը: Ուշագրավ է, որ Քոչարյանի գործունեությունից իր դժգոհությունը մեկուկես ամիս առաջ հրապարակավ արտահայտել էր նաեւ Սերժ Սարգսյանը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հայտարարելով, թե իրենք այն պետք է ընդունեն, որպեսզի իրենց հաջորդները ստիպված չլինեն ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից, ինչպես որ հիմա իրենք են խնդրում նախորդ իշխանությունների թերացման պատճառով: Սա, ինչպես ասում են, առաջին ծաղիկն էր, որին հետեւած վարչապետի հայտարարությունները վերջնականապես հունից հանեցին նախկին նախագահին:
Թեեւ, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի` տարիներ շարունակ քաղաքական «սիամական երկվորյակներ» լինելու իրողությունը, շատերը թերահավատությամբ են վերաբերվում երկու ղարաբաղցիների հնարավոր առճակատմանը: Ի դեպ, այդ մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր նաեւ Քոչարյանը: «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի է»,-շեշտել էր նա` դա դիտարկելով որպես իր` ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջնային խոչընդոտ:
Տարիներ առաջ, երբ խոսք էր լինում Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան հակասությունների մասին, այն ժամանակ արմատական ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե դա «սիամական երկվորյակների» կողմից ժամանակ առ ժամանակ դաշտ նետվող խայծ է, որպեսզի Քոչարյանից դժգոհ շերտերը դիմեն Սարգսյանին, եւ հակառակը, ինչն այդ երկու անբաժան գործընկերներին ոչ հուսալի թիմակիցներից ազատվելու հնարավորություն կտա: Արդյո՞ք ներկայումս իրավիճակը շատ է փոխվել` պարզ կդառնա ոչ շատ հեռավոր առաջիկայում:




Լրահոս