ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՄԱՐՄԻՆ Է»

Օրերս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Սիրանույշ Սահակյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր նախագահը հայտարարեց, թե մի քանի ամիս հետո հասարակությունն արդեն կարող է տեսնել եւ գնահատել իր աշխատանքը նոր պաշտոնում:

-Տիկի՛ն Սահակյան, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ինչպիսի՞ գործունեություն եք ծավալելու, ի՞նչ պլաններ ունեք:
-Ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ կդժվարանամ ամբողջ ծավալով հարցին պատասխանել, քանի որ նոր եմ հանձնաժողովի նախագահի կարգավիճակով ներգրավվել աշխատանքներում, այս պահին գտնվում եմ ծանոթացման փուլում, դեռեւս փորձում հասկանալ, թե այս երկու տարիների ընթացքում ինչպիսի աշխատանքներ են կատարվել հանձնաժողովում: Իմի պետք է բերեմ, դուրս հանեմ խնդիրները, որ ինքս կարողանամ մոտեցումներ դրսեւորել՝ կառույցի հետագա զարգացման, տեսլականի եւ այլ հարցերի հետ կապված:
-Դուք այդ պաշտոնում փոխարինում եք Էմիլ Բաբայանին, կխնդրեի նշել, թե նա ինչպիսի «ժառանգություն» է Ձեզ թողել:
-Էմիլ Բաբայանն ընթացիկ վարույթների հետ կապված անավարտ գործեր չի ունեցել, դրանք ավարտվել են, իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի մյուս գործունեությանը, դրանք շարունակական բնույթ կրող գործողություններ են, եւ հասկանալի է, որ գործողությունները կունենան շարունակություն: Իհարկե, յուրովի մոտեցումներ կամ նոր աշխատելաոճ ներդնելու խնդիրը` պայմանավորված անձերով, անպայման տեղի կունենա: Ես ասում եմ, որ շատ կարեւորում եմ այն հիմքերը, որոնք դրվել են պարոն Բաբայանի օրոք: Բայց որոշ հարցերի վերաբերյալ նոր մոտեցումներ եւ վերանայումներ տեղի են ունենալու:
-Հասարակության համար բաց ու թափանցիկ աշխատելու նպատակով ինչպե՞ս եք պատկերացնում…
-Ընդհանուր հանձնաժողովի գործունեության հետ կապված` հասարակությանն արդեն ներկայացվել է, որ այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների պահպանման հարցերով պետք է զբաղվի, եւ հանձնաժողովի դերը հենց հանրային ծառայողների շրջանակում մոդելային կերպարների ստեղծումն է, որով պայմանավորված` հասարակությունը վստահություն կունենա հանրային ծառայության մեջ ներգրավված անձանց նկատմամբ: Եվ այս առնչությամբ տարբեր գործիքներ են տրված հանձնաժողովին, որոնցից մեկը, գիտեք, գույքի եկամուտների հայտարարագրումն է: Այդ մասով բավականին լուրջ աշխատանք կատարվել է, լավ հիմքերի վրա դրված է, իհարկե, ավարտուն տեսքի դեռեւս չի բերվել: Կարեւորվում է նաեւ հասարակության եւ ԶԼՄ-ների հետ սերտ աշխատանքը, որպեսզի հասարակությունն էլ կարողանա գնահատել այդ կառույցի գործողությունների արդյունավետությունը:
-Դեռեւս 2012թ. հունիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելի եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) ունեցած ելույթում նշել էր. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք վերեւից: Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, եւ եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»: Դուք պատրաստվո՞ւմ եք իրագործել ՀՀ վարչապետի խոստումը:
-Այս մարմինների ստեղծումը ցանկացած երկրում միտված է կոռուպցիայի կանխարգելմանը, այսինքն՝ հանձնաժողովը նախ եւ առաջ կոռուպցիա կանխարգելող մարմին է, եւ այս առումով հակակոռուպցիոն քաղաքականության իրացման հարցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերը, կարծում եմ, անգնահատելի պետք է լինի: Ես գտնում եմ նաեւ, որ սա օրենքի մակարդակով հստակ ընդգծված դրույթ է եւ այդ խնդիրը պետք է լուծի:
-Գործ եք ունենալու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, ու այժմ թերահավատություն կա, որ լինելով երիտասարդ՝ չեք կարողանալու լիարժեք կատարել Ձեր աշխատանքն ու վերահսկելի դարձնել խնդիրները: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն այդ առումով:
-Ես կարծում եմ, որ ցանկացած գործի հաջողության գրավականը նախ սեփական աշխատանքի նկատմամբ հավատի եւ վստահության առկայությունն է: Ես ինքս չեմ նախաձեռնում այնպիսի գործեր, որոնք իրենց բնույթով հավատ չունեն: Եվ, բնականաբար, առաջադրումից հետո, երբ ես էլ պետք է դիրքորոշում արտահայտեի, այդ հարցերը փորձել եմ նայել, դիտարկել իմ տեսանկյունից եւ կարծում եմ՝ իմ համաձայնության առկայությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ ես որոշակի վստահություն, հավատ ունեմ այն գործի հանդեպ, որն իրականացնելու եմ: Կարծում եմ՝ շատ կարճ ամիսների ընթացքում հասարակությունը մեր աշխատանքի հիման վրա ունակ կլինի գնահատել իմ աշխատանքը: Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ հանրային ծառայողների լավագույն գնահատականը հանրության գոհունակության աստիճանն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 
ԱՅԺՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Դեռեւս սեպտեմբերի 9-ին հանրությանը ներկայացվեց Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի 7-հոգանոց կազմը: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի անդամներն են՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Մարինե Մանուչարյանը: Նշենք նաեւ, որ այդ ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարեց, թե Քաղաքացիական պայմանագրի խորհուրդը ղեկավար չի ունենալու. որոշումները կայացվելու են կոնսենսուսով: «Ժողովուրդ»-ը փորձեց կառավարման խորհրդի անդամ Լենա Նազարյանից պարզել, թե ինչ փուլում են գտնվում կազմակերպչական աշխատանքները:

-Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամներն այժմ ինչո՞վ են զբաղված, ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացնում:
-Շուտով պետք է ներկայացնենք վերադաս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, եւ այժմ այդ կազմն է հավաքվում, հիմնականում այդ աշխատանքն ենք կատարում: Նաեւ տեխնիկական աշխատանքներ ենք անում, Քաղաքացիական պայմանագրի համար կայք ենք պատրաստում, ավելի շատ տեխնիկական, կազմակերպչական հարցեր են:
-Վերադաս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը քանի՞ անդամից է կազմված լինելու, եւ եթե գաղտնիք չէ, ովքե՞ր են ընդգրկված:
-Մենք նախատեսում ենք 9 հոգի, բայց դեռեւս վերջնական կազմը չի հաստատվել, այնպես որ, հստակ որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ կարող է ավելի շատ անդամներից բաղկացած լինել, կարող է նաեւ` ավելի քիչ:
-Իսկ այդ խորհրդում լինելո՞ւ են նույն այն մարդիկ, որոնք ընդգրկված են Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդում:
-Մենք որոշել ենք, որ կառավարման խորհրդի անդամները չեն լինելու հոգաբարձուների խորհրդի անդամ, այսինքն՝ լինելու են տարբեր մարդիկ, որպեսզի շահերի բախում չլինի: Այժմ դրա վրա ենք աշխատում: Մենք այժմ շարժվում ենք ըստ առաջնահերթության՝ հստակեցնելով, թե որ հարցն է կարեւոր: Այժմ առաջնահերթ են կազմակերպչական աշխատանքները, որոնք էլ կատարում ենք:
-Ե՞րբ է հանրությունն արդեն տեսնելու ձեր հիմնական ու բուն աշխատանքը: Որպես նոր ձեւավորված ուժ՝ ձեր հիմնական գործունեությունը երբվանի՞ց է սկսվելու: Կա՞ նախանշված ժամկետ:
-Մենք այժմ էլ ենք աշխատում, ամեն ինչ ընթացքի մեջ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԶԵՆՔԻ ԳՈՐԾՈՎ

Արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանն օդանավակայանի VIP սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, սակայն ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նրան եւ որոշ ժամանակ անց ազատ արձակել: Երեկ Ս. Առուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ վրդովված հայտարարեց, որ այդ լուրերը հերյուրանքներ են, ու ինքը չի հասկանում, թե ովքեր են տարածում տեղեկությունները. «Ինձ հետ նման բան չի կարող լինել, ինձ համար անհասկանալի է, թե ով է նման բաներ ասում, ու հիմա դա ինձ չի էլ հետաքրքրում»: Հարցին, թե ինքը զենք էլ չունի, պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, արդեն չեմ հասկանում՝ ինչ են ասում եւ ինչ են ուզում ասել»: Հավելենք, որ մինչեւ այժմ պաշտոնապես որեւէ գերատեսչություն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը:

 

ՉԻ ՋԵՌՈՒՑՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներից եւ որոշ աշխատակիցներից: Նրանց պատմելով՝ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել համալսարանը: Այս հարցով նրանք մեկ անգամ դիմել են ռեկտորին, եւ նա պատճառաբանել է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերջին թանկացումից հետո ուսանողների վարձավճարները չեն բարձրացել, ինչի համար էլ ֆինանսական հնարավորությունները բարձր սակագնի պարագայում չեն բավարարում նորմալ ջեռուցում կազմակերպելուն: Մինչդեռ, ինչպես պնդում են դժգոհող ուսանողները, Թարվերդյանի աշխատասենյակը մշտապես ջեռուցվել է: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ փորձեց զրուցել Թարվերդյանի հետ, սակայն վերջինս տեղում չէր: Մեր հարցերին պատասխանեց պրոռեկտոր Յուրի Մարմարյանը. «Եկե՛ք համալսարան եւ կտեսնեք՝ ջեռուցվում է, թե ոչ: Նման բան չկա: Բացառված է: Ուսանողները վաղուց դասերն ավարտել են եւ հիմա գալիս են սեսիոն քննությունների, որոնք էլ սկսում են առավոտյան ժամը 9-ին կամ 9:30 ու տեւում մեկուկես ժամ, ինչի՞ մասին է խոսքը»:

 

 

ՆՈՐ ՊԵՏԻ
ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Կրկին թափուր է մնացել ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, եւ խորհրդարանը նախօրեին այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարել: Հիշեցնենք, որ այդ վարչության նախկին պետ Վարդուհի Խաչատրյանը դեռ 2012թ. հունիսին հրաժարական էր տվել սկանդալային մի պատմությունից հետո. նա տեւական ժամանակ ձգձգել էր ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրեր կնքելու գործընթացը, եւ այդ մասին մամուլում հրապարակված բաց նամակն առիթ դարձավ, որ Խաչատրյանը հրաժեշտ տա պաշտոնին: Դրանից հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել. այս ընթացքում երկու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, եւ միայն հիմա է, որ խորհրդարանը որոշել է կադրերի վարչության պետ ունենալ: Նրան որոնում են:




Լրահոս