Այսօր հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է:
Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մայրը։
Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի։
Դերերգերից են` Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Վերջին դերերգը կատարել է նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում և 1989 թվականին` ԱՄՆ-ում։
Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։ Բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: