ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞Վ ՇԱՀԵՑ «ԲԱՆԱԿԻ ԼՈՏՈՆ»

Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները: Եվ այս տարի առաջին անգամ նորակոչիկների ծառայության վայրի ընտրությունն իրականացվեց վիճակահանության միջոցով, որն ավելի շատ հիշեցնում է բոլորիս հայտնի լոտոյի շահումը:

Թե քանի սրտեր կոտրվեցին եւ քանի ընտանիքներ լոտոյի հաջողակ տոմս քաշեցին, դեռ հայտնի չէ, քանի որ զորակոչը դեռեւս շարունակվում է, կավարտվի հունվարի 31-ին: Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն այցելեց ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղից տղաները թմբուկների մեջ դրված թղթիկները քաշելու միջոցով ընտրում էին իրենց ապագա զինծառայության վայրը: Թեեւ գործընթացն առաջին հայացքից թափանցիկ է թվում, այնուամենայնիվ, հասարակության շրջանում դեռ լիարժեք վստահություն չկա «բանակային լոտոյի» նկատմամբ: Նորակոչիկների ծնողները, որոնք հավաքակայանում էին, բարձրաձայն կասկածում էին, որ միջամտությունները եւ կոռուպցիոն ռիսկերը բացառված չեն. «երեւի «լավ պապայի» տղաները արդեն եկել, քաշել, գնացել են» կամ «գոլդ թմբուկը» դեռ «արենա չեն հանում»:
Բանն այն է, որ հավաքակայանում նախ ծանոթանում են զինվորների կարգավիճակի, առողջական վիճակի մասին փաստաթղթերին, ապա նրանց տառ տալիս: Տարբեր տառերով նշված թմբուկներից տղաները քաշում են իրենց ապագա զորամասի համարը: Ինչպես ասում են, «շան գլուխը» թաղված է հենց այդ տառերի մեջ, որտեղ կարող է լինել սուբյեկտիվության բաղադրիչը: Համենայնդեպս, մենք արձանագրեցինք, որ ներկաների մեծ մասն իր թուղթը քաշեց «Ը» տառի թմբուկից: Այսինքն՝ նրանք ընդհանուր, այլ ոչ թե արտոնյալ պայմաններով ծառայություն կկատարեն:
Այնուամենայնիվ, բարի ծառայություն ենք մաղթում բոլոր զինվորներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակը վատ է, ինչի համար նրան Ամանորից առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ավելի ուշ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Համազասպուհի Գրիգորյանը. «Ես դեռ չեմ տեսել Արթուրին, գիտեմ, որ անգամ գիտակցություն էլ չի ունեցել: Հաջորդ դատական նիստին, որը կայանալու է հունվարի 20-ին, չեմ կարող ասել՝ արդյոք Արթուրը կկարողանա ներկա լինել, թե ոչ»: Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի եւ վերջինիս որդու՝ Ա. Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու համար:

 

 

ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴԸ

Դեկտեմբերի 18-ին բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանին ծեծելու համար երկու անձ ձերբակալվել է: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը: Ձերբակալվածները նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանն են: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով` մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: Նշենք, որ այս ձերբակալությունով գործը չի ավարտվում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր եւս մեկ հոգու կձերբակալեն, որը կլինի հոսպիտալի բժիշկներից մեկը:

 

 
ԲԼԹ

 

«2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով»:

Սերգո Կարապետյան News.am
Ասենք՝ ի՞նչն էր հաջողակ, պարո՛ն նախարար: Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ տնտեսական աճի խայտառակ ցածր ցուցանի՞շը, կառավարության ապաշնորհության արդյունքում գոյացած պարտքե՞րը, գազի գնի թանկացո՞ւմը. սրանցից ո՞րն էր հաջողությունը: Իսկ միգուցե Սերգո Կարապետյանը նկատի ունի հաջողակ միայն գյուղնախարարության եւ գյուղատնտեսության ոլորտի՞ համար: Այդ դեպքում ո՞ւր կորան կարկուտից ստացված վնասները եւ դրա հետեւանքները: Փաստորեն, իշխանական պաշտոնյաներն անուղղելի են. երկրում վիճակը որքան էլ վատանա, միեւնույն է, կասեն, որ ամեն ինչ լավ է, եւ կխոսեն ինչ-որ հաջողություններից:

«Կան նեղ մասնագետներ, որ Դիլիջանում չունենք… վարպետներ, մասնագետներ կլինեն ե՛ւ Երեւանից, ե՛ւ տարբեր քաղաքներից, ե՛ւ միգուցե դրսից»:

Արմեն Սանթրոսյան 1in.am
Խոսքն այն մասին է, որ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի շինարարությունն իրականացնում են տաջիկները եւ ուզբեկները: Հիմա այդ ի՞նչ նեղ մասնագետներ են, որ ուզբեկների եւ տաջիկների մեջ կան, իսկ հայերի եւ հատկապես դիլիջանցիների մեջ չկան: Եվ սա այն դեպքում, երբ Դիլիջանում գործազրկություն է տիրում, իսկ քաղաքի բնակչության մեծ մասն արտագաղթել է: Այսպե՞ս է Դիլիջանի քաղաքապետը պայքարում գործազրկության եւ արտագաղթի դեմ: Սա ավելի շատ հիշեցնում է միտումնավոր կերպով քաղաքը դատարկելու քաղաքականություն, ճիշտ այնպես, ինչպես իշխանությունները դատարկում են երկիրը:

«Դա ի՞նչ լրատվության բան է: Լուրջ բաներով զբաղվե՛ք: Էս երկիրը տեղից լուրջ խնդիրներ ունի: Ինչի՞ հետեւից եք ընկել: Ամոթ է, ամոթ»:
Վարդան Ղուկասյան News.am
Հետաքրքիր է, երբ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն էր, ջանասիրությամբ ու եռանդով ծառայություններ էր մատուցում իր սիրելի Հանրապետական կուսակցությանը, այդ ժամանակ չէ՞ր նկատում երկրի խնդիրները: Թե՞ պարտադիր բանը պետք է հասներ իր տունը խուզարկելուն, որ հիշեր այդ մասին, այն էլ պարզապես թեման փոխելու եւ «ցրելու» նպատակով: Կամ էլ ի՞նչ կարիք կար այդ հարցին պատասխանելուց խուսափել. եթե Վարդան Ղուկասյանին կասկածում են քրեածին երեւույթների մեջ, ապա, բնականաբար, նրա տունը վաղ թե ուշ պետք է խուզարկեն: Ինչո՞ւ է Ղուկասյանը իրար խառնվել:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս