2008թ-ից Գյումրիում սկիզբ առավ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման եւ տրամադրման գործընթացը: 24 տարի տնակներում պատսպարվելուց հետո բազմաթիվ ընտանիքներ այս ծրագրի շրջանակում բնակարան ստացան, սակայն գործընթացը 2012թ-ին կասեցվեց եւ շահառու ընտանիքները մնացին ձեռնունայն:
Նախորդ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի կատարած իր այցելության ժամանակ խոստացավ վերսկսել 2012-ին դադարեցված շինարարական աշխատանքներըªպայմանով, որ ժողովրուդը պիտի ընտրի սպասել նոր բնակարանների կառուցմանը, թե ստանալ պետության կողմից տրվող բնակարանային գնման վկայական: Հենց այս նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի խնդրով:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի համայնքային հաշվառման եւ գույքի կառավարման կենտրոնից՝ հուլիսի վերջին պետք է պատրաստ լինեն այն 423 շահառու ընտանիքների ցուցակները, ովքեր «այո՚» կամ «ոչ» քվեարկությամբ կընտրեն բնակարանաշինություն, թե բնակարանային գնման վկայական տարբերակները: Արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովը դրանք կներկայացնի քաղաքապետին, որպեսզի վերջինս էլ խնդրի լուծման տարբերակով հանդես գա կառավարության առաջ:
Միայն թե, զրուցելով շահառու ընտանիքների հետ, հանդիպեցինք տարակարծության: Անօթեւաններն իրենք էլ չեն կողմնորոշվում, թե որն է ճիշտ տարբերակը, ինչպես ասացին` կանգնած են երկու քարի արանքում: Սպասել նոր բնակարանների շինարարությանը այլեւս ի վիճակի չեն, քանի որ դա տարիներ է տեւելու, իսկ վերցնելով բնակարանային գնման վկայականը՝ համոզված չեն, որ գումարը կբավարարի նոր բնակարան գնելու համար. ասում են` հարազատների փորձն աչքերի առաջ ունեն: Նշենք, որ այս ամենը վերաբերում է դեռեւս 2008-ին հաշվառված 423 անօթեւան ընտանիքներին, իսկ 2008-ից այս կողմ այդպիսի ընտանիքների թիվը 1700-ից անցել է:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի