ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ
Այս տարվա հունվարի 1-ից վարորդներից այլեւս չի պահանջվում ԱՊՊԱ կտրոնները փակցնել տրանսպորտային միջոցների դիմապակիներին: Այս փոփոխությունը, սակայն, վարորդին չի ազատում պարտադիր ապահովագրությունից: Ավելին, վարորդը կարող է կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցնել, բայց պարտավոր է այն ունենալ իր մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցույց տա ճանապարհային ոստիկաններին: Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ այս նոր օրենքը կարող է ծառայել վարորդներին հերթական անգամ թալանելու համար:
ՀՀ կառավարությունը վերջերս հաստատել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական եւ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը: Ըստ դրա` ոստիկանության տեղեկատվական փոխանակման համակարգի ու ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի միջեւ տվյալների երկկողմ փոխանցումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով, ինչն արդեն հանում է ԱՊՊԱ կտրոնները դիմապակիներին պարտադիր փակցնելու պահանջն ու անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն վարորդներին հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւում է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր տասն օրվա համար 5000 ՀՀ դրամ: Իսկ ՃՈ կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով: Ապահովագրող ընկերություններն էլ զգուշացնում են` նոր ԱՊՊԱ պայմանագիրը կնքել նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ:
Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով, այս փոփոխության հետ կապված, դեռեւս վաղ է կանխատեսումներ անելը. «Դժվար է հիմա կանխատեսել, թե առաջիկայում ինչ է սպասվելու մեր վարորդներին, քանի որ օրենքը 15 օր է, ինչ ուժի մեջ է մտել: Մի բանով լավ է. սրանով դաշտը կարծես թե վերահսկելի է դառնում: Սակայն հայտնի չէ, թե այս նոր օրենքն ապագայում ինչի կբերի: Կլինի դրական տեղաշարժ, թե նոր բողոքի ալիք կբարձրացնի՝ չգիտեմ»:
Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհը սկսել է ազատվել ճանապարհներին տեղադրված տեսանկարահանող արագաչափ սարքերից, մինչդեռ մեր երկրի համապատասխան կառույցները հակառակն են անում. «Արի՛ ու տե՛ս, որ սրանց պատճառով մեր վարորդները դարձել են ավելի նյարդային: Նույնն էլ կարող է այս նոր օրենքի արդյունքում լինել: Հնարավոր է՝ սա էլ արագաչափ սարքերի նման թալանի խեղճ ժողովրդին: Բոլոր վարորդներն էլ զզված են արագաչափ սարքերից: Հիմա էլ սրա հերթն է»:
32-ամյա Արմեն Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ընդունված նոր օրենքի մասին, զայրացած նկատեց. «Վեց ամիսը մեկ օրենք են փոխում, մի օր պարտադիր չէ, մյուս օրն էլ պարզվում է, որ պարտադիր է: Մեկ էլ մի օր ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է ու հարցնում, թե ինչու չես տեղադրել, ասում ես, թե պարտադիր չէ, ինքն էլ ասում է՝ գիտես, էս ինչ ամսին օրենք եղավ, բա չիմացա՞ր: Այսքանից հետո մարդ չի էլ ցանկանում մեքենա վարել: Ենթադրենք ես եմ ու մի վեց ամսով մեկնում եմ Մոսկվա: Վերադառնալուց հետո ի՞նչ է, պետք է տուգանքնե՞ր մուծեմ չվարած մեքենան չապահովագրելու համար»:
Նկատենք, որ այս նոր օրենքից քաղաքացիների մի մասը սկսել է զգուշանալ: Նրանք չեն ապահովագրում իրենց մեքենաները եւ հանձնում են դրանց սպիտակ համարանիշները՝ տուգանքներից խուսափելու համար՝ չնայած, որ նախկինում նրանք վարել են անգամ առանց ապահովագրելու եւ խնդիրներ չեն ունեցել:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ օրենքների ընդունումը, ի վերջո, դեմ է լինում վարորդների շահերին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌԱՆՑ
ՋՐԻ ԵՎ ԳԱԶԻ
Լոռու մարզի Ամրակից համայնքի երկրորդ թաղամասի բնակիչների համբերության բաժակը լցվել է: Ի տարբերություն գյուղի մնացած թաղամասերի՝ այստեղ երկար տարիներ չկան խմելու ջուր եւ գազ: Բնակիչները պարբերաբար դիմել են համայնքապետարան, սակայն ապարդյուն: Ամրակից համայնքի բնակչուհի 72-ամյա Նուբար Սարգսյանը, առողջական խնդիրների պատճառով չկարողանալով ջուր կրել, չորս տարի առաջ ստիպված ավանակ է գնել, որի միջոցով էլ կենարար ջուրը տուն է հասցնում: Նուբար Սարգսյանը պատմում է, որ թաղամասի բնակիչները ստիպված են կեղտոտ ջուր խմել, որի մեջ հաճախ տարբեր կենդանիներ են լինում: Բնակիչները ստիպված են եղել հրաժարվել անգամ անասնապահությունից, որ ջուրը խնայեն, սակայն դա էլ չի օգնել: Հիմա շաբաթը գոնե երկու անգամ լոգանք ընդունել են ուզում, սակայն պայմանները թույլ չեն տալիս: Եթե ամռանը հնարավոր էր ջուրը կրել, հիմա դա էլ է դժվարացել. ճանապարհները սառած են ու վտանգավոր: Ամրակիցի բնակչուհի Լիանա Ալոյանի խոսքով՝ երկու ճանապարհներն էլ՝ ե՛ւ ոտքի, ե՛ւ մեքենայի համար, սառցակալած են եւ անանցանելի:
Նշենք, որ այս թաղամասում բնակվում է 9 ընտանիք: Այստեղի կարեւոր խնդիրներից մեկն էլ կապույտ վառելիքի բացակայությունն է: Բնակիչները դժգոհում են` հարցնելով, թե ինչով են առավել համայնքի մնացած` գազաֆիկացված մասի ապրողները: Տեղական իշխանությունից հույսը կտրած բնակիչները գազի հարցը լուծելու համար այլընտրանք են գտել: «Գազ Գուգո» մականունով մի մարդ իր մեքենայով կապույտ վառելիքը հասցնում է թաղամաս, լցնում գազի տարաները, փողը ստանում ու հեռանում: Բայց հենց երկու շաբաթը մեկ չի գալիս, բնակիչները նորից խնդրի առաջ են կանգնում: Նրանցից Մարտիրոս Մարդոյանը, սակայն, այլընտրանքային այս տարբերակը համարում է թանկ հաճույք:
Ամրակիցի գյուղապետարանում խնդիրներին ծանոթ են: Գյուղապետի խոսքով՝ ջրի ճնշումը չի բավարարում, որպեսզի այն բարձրանա թաղամաս: Համայնքապետարանի միջոցներն էլ բավական չեն խնդրի լուծման համար: Գազաֆիկացման հետ կապված հարցի պատասխանն էլ նախորդից քիչ է տարբերվում. «Մենք փող չունենք: Այդ խնդիրը լուծելու համար պետք ա «Հայռուսգազարդ»-ը մի բան անի գոնե, մենք մենակ չենք կարա»,-ասում է Ամրակիցի ղեկավար Արթուր Ներկարարյանը՝ այնուամենայնիվ վստահեցնելով, որ խնդիրները կլուծվեն, ուղղակի ժամանակի հարց է: Իսկ թե որքան պիտի սպասեն, չգիտի:
ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի
ԴԻՄԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Օրերս Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում տեղի ունեցավ քոլեջի 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու ավանդական արարողությունը։ Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը, այս տարի իրենց սաների հաջողություններն այնքան շատ էին, որ 10-ի փոխարեն ընտրվեցին լավագույն 11-ը։ Տարբեր պարգեւների արժանացան նաեւ նրանց մարզիչները, սպորտի բնագավառի այլ ներկայացուցիչներ։ Ըստ տնօրենի՝ ամենամյա այդ միջոցառումը ոգեշնչում է հետագա հաղթանակների։
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նա ավելի շատ խոսեց ոչ թե հաջողությունների, ձեռքբերումների, այլ դրանց խանգարող հանգամանքների մասին։ Իհարկե, նա կոնկրետ անուններ չտվեց, բայց մարզական աշխարհի ներկայացուցիչները լավ հասկացան, թե ում մասին է խոսքը. «Մենք ոչ միայն աշխատում ենք, որ մեր աշխատանքն առաջ տանենք, այլ նաեւ ինչ-որ խնդիրներ, խոչընդոտներ են առաջ գալիս տարբեր տեսակի մարդկանց կողմից, եւ ստիպված ենք լինում ոչ միայն զբաղվել մեր աշխատանքով, այլ սկսում ենք դիմակայել խնդիրներին։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսում այդ խնդիրները լուծելու, այլ ոչ թե մեր աշխատանքը առաջ տանելու վրա։ Ես հենց այնպես չեմ ասում այս բառերը։ Մենք պետք է կարողանանք ընդհանուր մի մտքի գալ, որ սպորտն առաջ տանելն է կարեւորը, ոչ թե խնդիրներ լուծելը ստեղծված, չգիտեմ, տարբեր կազմակերպությունների, տարբեր անհատների կողմից»։
Ապա նախարարը հավելեց. «Այն հաջողությունները, որ արձանագրեցինք 2013 թվականին, անձամբ ինձ՝ որպես նախարարի եւ որպես Յուրի Վարդանյանի, որ անցել է սպորտային լեցուն կյանք եւ հաջողություններ է ունեցել, չեն գոհացնում: Թե՛ հանրապետության նախագահի, թե՛ վարչապետի հետ խոսելու ժամանակ բազմիցս շեշտել եմ այս պահը, թե ինչպես կգնահատեին այսօրվա մեր աշխատանքը: Ես շուրջ ինն ամիս նախարար եմ աշխատում: Եվ հարցիս պատասխանը երկուսի կողմից էլ եղել է՝ մոտավորապես 4: Բայց ես ինքս կարող եմ այդ գնահատականն ավելի լավ տալ. ես եմ ղեկավարում, ես եմ տեսնում, թե այսօր սպորտային աշխարհում ինչ է կատարվում: Ես աշխատանքը գնահատում եմ երկու կամ երկուսին գումարած»։
Ի դեպ, քոլեջում անցյալ տարի կառուցվել է մատուռ, որը հազվադեպ երեւույթ է մարզական կրթօջախում։ «Մեր նպատակն է, որպեսզի մարզիկները նախքան մրցումների գնալը անպայման մտնեն մատուռ, աղոթեն… Հավատքը մարդու մեջ շատ բան կարող է փոխել, ամենադժվար պահին Աստծո աջը մարդկանց վրա կլինի, եւ նրանք հաստատ հաջողության կհասնեն՝ կլինի սպորտի, թե այլ ոլորտում»,-ներկայացրեց քոլեջի տնօրենը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ