ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՈՐՑՆԵԼ»

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում, 2010թ.-ից «Կենտրոն» հ/ը-ում վարում է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը: Նա նաեւ ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական ակցիաներին, ֆեյսբուքյան քննարկումներին։

-Աշխատանքին, ընտանեկան հարաբերություններին Ձեր ակտիվ դիրքորոշումը չի՞ խանգարում։
-Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ խղճի առաջ եւ միշտ էլ արտահայտում եմ իմ անձնական կարծիքը, դիրքորոշումը, որն ինչ-որ տեղից թելադրված, ուղղորդված չէ։ Ինչ վերաբերում է իմ նման քայլերն աշխատանքի հետ համադրելուն, ապա ինձ դիրքորոշում արտահայտելու հարցում տրված է ազատություն։ Եվ քանի որ այդ ազատության հնարավորությունը տրված է, ես փորձում եմ այն ռացիոնալ օգտագործել։ Ամուսնուս դեպքում նման խնդիրներ չկան, որովհետեւ երկուսս էլ արդեն հստակ ձեւավորված, կայացած անհատականություններ ենք, երբեք միմյանց չենք թելադրում կամ չենք խանգարում։ Եթե խորհրդի կարիք կա, միայն այդ դեպքում ենք դիմում միմյանց…
-Եթե այլ հեռուստաընկերությունում աշխատեիք, նման ազատություն կունենայի՞ք։ Հարցը պատահական չէ. կան օրինակներ, երբ կարծիք արտահայտելու համար ոմանք աշխատանքից հեռացվել են։
-Այս կամ այն հեռուստաընկերությունում աշխատելու, տեղափոխվելու «յուղոտ» առաջարկություններ անընդհատ ստանում եմ, բայց առաջին հերթին հենց իմ այդ ազատությունը չեմ ցանկանում կորցնել։ Իհարկե, նաեւ լավ հարաբերություններ են ձեւավորվել այստեղ, հարազատի պես ենք, սակայն կարեւորն ազատությունն է։ Ազատ կողմնորոշվելու հնարավորությունն այստեղ յուրահատուկ բան է. ամենահասարակ աշխատողից մինչեւ տնօրինություն երբեք ոչ մեկի չի հուշվում, թե ինչ դիրքորոշում պիտի արտահայտի։ Իհարկե, եթե ինչ-որ հարցում չափերն անցնենք, կլինեն նախատինքներ կամ ակնարկներ, բայց եթե դու քո չափի մեջ ես, արդարացի ես արտահայտվում, երբեք որեւէ նախատինք, նույնիսկ ակնարկ չի եղել։ Ես ինչ մտածում եմ, կարող եմ շատ կտրուկ արտահայտվել ոչ միայն «Ֆեյսբուք»-ում, այլեւ հեռուստաեթերից։ Նույնը կատարում եմ նաեւ ռադիոկայանում։
-Ձեր գնահատմամբ` Հայաստանում հաղորդավարական դպրոցը կայացա՞ծ է։ Երբեմն գեղեցիկ արտաքինով պատահական մարդիկ են հայտնվում եթերում, որոնք, սակայն, արագ էլ անհետանում են։
-Ձեր ասած դպրոցը, իհարկե, չունենք, որովհետեւ մեզանից եւ ոչ մեկը մասնագիտությամբ հաղորդավար չէ (ես, օրինակ, պատմաբան արվեստաբան եմ), եւ եթե ինչ-որ բանի փորձում ենք հասնել կամ նույնիսկ աճ է նկատվում, դա արվում է ինքնուրույն, ինքնակրթությամբ՝ անընդհատ սխալվելով, սխալն ուղղելով… Հիմա մարդիկ ավելի ակտիվ են, փողոցում կարող են մոտենալ, նույնիսկ շատ նրբանկատորեն նկատողություն անել կամ համացանցով արտահայտել իրենց կարծիքը։ Չկան մասնագետներ, ովքեր կաշխատեն քեզ հետ, դրա համար էլ գեղեցիկ արտաքինով մարդիկ հայտնվում են եթերում եւ հեռանում։
-Ձեր երեխաները դիտո՞ւմ են Ձեր հաղորդումները, տպավորությունները կիսո՞ւմ են։
-Երեխաների համար դա շատ սովորական է. նրանք ծնվել են արդեն մայրիկին հեռուստատեսությամբ տեսնելով։ Ես մտածում եմ, որ նույնիսկ նրանց թվում է, թե բոլորի մայրիկներն էլ «հեռուստացույցում» են։ Բայց որ ասեմ՝ շատ են սիրում ինձ դիտել, ճիշտ չի լինի։ Եթե ամենալավ ծրագիրն էլ անեմ, հաստատ վերջում կասեն՝ միեւնույն է, լավ չէր։ Երբ դեռ չէի ամուսնացել, մայրս էր միշտ այդպես ասում, հետո՝ ամուսինս, հիմա էլ՝ առաջին եւ երրորդ դասարանի տղաներս։
-Ինչպե՞ս եք նշել Ամանորը, հին Նոր տարին։
-Նշում ենք միշտ ընտանիքով՝ տանը։ Շատ սովորական, ինչպես մյուս բոլոր միջին վիճակագրական հայկական ընտանիքները։ Հին Նոր տարին երեւի ավելի շատ եմ սիրում, որովհետեւ մենք ավանդույթ ունենք. 13-ի լույս 14-ի գիշերը մեր երազանքները գրում ենք անձեռոցիկի վրա, այրում, մոխիրը լցնում շամպայնի մեջ ու այդպես սնվում՝ հավատալով, որ այդ երազանքներն իրականություն կդառնան։ Ու այդ ամենը պիտի հասցնես 12 զանգերի ընթացքում կատարել։ Ես սովորական բաներ եմ ցանկացել՝ խաղաղություն, առողջություն, բարեկեցիկ կյանք…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

«ԹԱՏՐՈՆԸ ՄԻՇՏ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՍՈՒԲՅԵԿՏԻՎ»

Համապատասխան մասնագիտական հանձնախումբը, որը գլխավորել է Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, 2013 թվականին պետական մրցանակի ներկայացված 7 բեմադրությունից այդպես էլ չի ընտրել որեւէ գործ։ Նշենք, որ հանձնախմբի անդամներն են՝ ռեժիսորներ Հրաչյա Աշուղյանը, Ալբերտ Մկրտչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Նարինե Մալյանը, Արթուր Ղուկասյանը, Արա Երնջակյանը, արվեստաբան Էմանուել Մանուկյանը եւ թատերագետ Արա Խզմալյանը։

Արվեստագետներից շատերը կարծում են, որ անհարմար էր թատերարվեստում չառանձնացնել գոնե մեկ աշխատանք: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կարծիքը։
-Այդտեղ որոշիչ են եղել հանձնախմբի անդամների նախասիրությունները. մեկը ձայնը տվել է սրան, մյուսը՝ նրան, երրորդը՝ ուրիշին, որի արդյունքում ոչ մեկը համապատասխան ձայներ չի հավաքել։
-Իսկ ինչպե՞ս պետք է հանձնախմբերը կազմվեն։
-Ընդհանրապես այդ պրոֆիլային հանձնախմբերում պետք է լինեն արվեստի այլ բնագավառի, այսինքն՝ ավելի չեզոք մարդիկ։ Պարտադիր չէ, որ անպայման թատերական աշխարհի մարդը թատերական գործը գնահատի։ Եվ ընդհանրապես, արվեստի յուրաքանչյուր բնագավառում պետք է հանձնախմբի անդամները լինեն մշակույթի այլ բնագավառների մարդիկ։ Օրինակ՝ թատերական հանձնախմբում կարող են լինել, ասենք, նկարիչներ, գրողներ, գրականության հանձնախմբում՝ ռեժիսորներ… Միայն այդ դեպքում դրանք ավելի չեզոք կլինեն, իսկ այս պարագայում, ինչպես էլ լինի, կողմնապահություն միշտ լինում է։
-Այսինքն՝ մրցանակ չստանալը չի՞ նշանակում, որ մյուս բնագավառներում ամեն ինչ լավ է, միայն թատերականն է կաղում։
-Ո՛չ։ Բոլորովին։ Թատրոնը միշտ գնահատվում է սուբյեկտիվ. ներկայացումը մեկը հավանում է, մյուսը՝ համարում ձախողված։ Թատերական ներկայացումը երբեք չունի ընդունված չափանիշ, ինչպես եւ արվեստի յուրաքանչյուր բնագավառ չի կարող ունենալ։ Իսկ թատերական կյանքն անցյալ տարի ակտիվ է եղել, ամենակարեւորը, որ շատ լավ երիտասարդներ կան, շատ հետաքրքիր աշխատանքներ են արել, որոնք գնահատվել են շատ անվանի մարդկանց կողմից ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Եղել են հետաքրքիր ներկայացումներ, հետաքրքիր գործընթացներ են գնում, եղել են, ինչ խոսք, նաեւ անհաջողություններ, բայց թատրոնն այդպես է. ամեն ինչ իդեալական երբեք ոչ մի ժամանակ ոչ մի երկրում չի եղել։ Գլխավորը, որ թատրոններն աշխատում են, բայց ցանկալի է, որ մի քիչ ավելի շատ ֆինանսավորում լինի, դերասանները մի քիչ ավելի բարձր աշխատավարձ ստանան։ Ցավոք, մեզ մոտ գիգանտոմանիայի օրենքը շարունակում է գործել. եթե մեծ թատրոններ են, պետք է շատ փող ստանան, եթե ավելի փոքր են, բեմադրությունների համար ավելի քիչ ֆինանսավորվեն։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 




Լրահոս