Չնայած միջազգային հանրության կոչերին` ԼՂՀ նախաձեռնությունը չի ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ կրկին հիշեցնում է հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ ավելի վաղ ներկայացրած առաջարկությունների մասին:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում գրառում էր կատարել՝ անհանգստություն հայտնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացման առիթով:

Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ը հիշեցնում է միջնորդի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն աջակցելուն ուղղված նախկինում առաջ քաշած առաջարկությունների մասին:

Մասնավորապես, 2001թ. Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանների միջնորդությամբ, ադրբեջանական կողմին է փոխանցել վստահության ամրապնդման միջոցառումների փաթեթը, որը ներառում է հակամարտող կողմերի համագործակցություն բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական անվտանգության ոլորտում:

Առաջարկվել էր կողմերի բարձրագույն ղեկավարության կողմից հրադադարի գործող ռեժիմի պահպանմանը հավատարիմ մնալու, հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հաստատում, ինչպես նաեւ կողմերի եւ/կամ նրանց օպերատիվ շտաբների միջեւ ուղիղ գծերի սահմանում, այդ տվում՝ տեղային մակարդակում:

2004 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։

2006 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված և 1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ առաջարկով:

2012 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։

Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից:




Լրահոս