Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններից վերջին ժամանակները ստացված տեղեկությունները գնալով ավելի տագնապալի են դառնում: Տարբեր բնակավայրերից Armlur.am-ին հասնող լուրերը պաշտոնական ատյանների կողմից հերքվում, հետո հաստատվում կամ չեն հաստատվում, սակայն աստիճանաբար ուրվագծվող իրադարձությունների պատկերը վկայում է այն մասին, որ հարևան Ադրբեջանը լուրջ «դիվերսանտական» պատերազմ է սկսել հայկական երկու պետությունների դեմ, որին զոհ են գնում չափից դուրս շատ երիտասարդ զինծառայողներ և անգամ խաղաղ բնակիչներ:
Իշխանությունների կողմից այս գնալով ակնհայտ դարձող իրողության գաղտնի պահելու փորձերը անշուշտ կարելի է արդարացնել բնակչության շրջանում խուճապ չառաջացնելու ազնիվ մղումով, սակայն նման ջանքերը, կարծես, ապարդյուն են անցնում: Չմոռանանք, որ մեր երկիրը փոքր է, մարդիկ միմյանց հետ սերտորեն կապված են ազգակցական ու բարեկամական կապերով, և, վերջապես, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման լուրերն ավելի արագ են տարածվում, քան ցանկացած լրատվամիջոցի ամենաօպերատիվ լրատվությունը: Այնպես որ, պաշտոնական ատյանները հերքեն, թե ոչ, իրողությունը միշտ էլ ջրի երես դուրս կգա:
Սակայն այս կարևորագույն հարցի շուրջ հանրությանը ժամանակին և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրելու անհրաժեշտությունից զատ կա մի շատ ավելի կարևոր բան, որը մեր իշխպանությունները չեն անում՝ ինչպես միշտ տեղեկատվական պատերազմում հաղթողի դափնիները զիջելով հակառակորդին:
Վերջերս Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահները աննախադեպ հայտարարություն արեցին: Հակամարտության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ արված հայտարարության տոնայնությունը շատ հեռու էր տոլերանտ լինելուց: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահները կողմերից պահանջեցին պարտավորություն վերցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերոը բացառելու վերաբերյալ:
Սակայն համանախագահների պահվածքում կար մի բան, որ մնացել էր նույնը՝ դա կողմերի հանդեպ համահավասար, պարիտետային վերաբերմունքն էր: Եվ դա այն բանից հետո, երբ ադրբեջանցի «խաղաղ» դիվերսանտները նոր էին ներխուժել հայաբնակ տարածք և երկու մարդու կյանք խլել, որոնցից մեկը՝ դեռահաս պատանի էր:
Արևմուտքի սովորական համարաթեցված վերաբերմունքը այս անգամ գոնե չպետք է վրդովմունք առաջացնի: Իրենց մինչև ատամների զինված հայրենակիցներին «խաղաղ բնակիչներ» որակած ադրբեջանական իշխանությունները աշխարհով մեկ վայնասուն բարձրացրեցին, գերեվարվածներին անվանելով պատանդներ և մեղադրելով հայերին նրանց հետ անմարդկային վարվելու և կտտանքների ենթարկելու մեջ: Անգամ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը մեղադրեցին հայերի նկատմամբ կողմնակալության մեջ, անտեսելով այն փաստը, որ ռազմագերիների դեպքում գործում են այլ օրենքներ:
Հարձակվելով հայկական դիրքերի վրա և կոպտորեն խախտելով հրադադարը, հակառակորդն անմիջապես աղմուկ է բարձրացնում սեփական իրական կամ գուցե շինծու զոհերի վերաբերյալ, խեղաթյուրելով փաստերը և այդպիսով արժանանալով միջազգային հանրության կարեկցանքը՝ իր, և «արդարացի» ՝ «ագրեսոր» հայերի հանդեպ:
Իսկ ի?նչ է անում հայկական կողմը: Վերջին օրերի իրադարձությունների մասին ո¬?ր միջազգային ատյաններին է տեղեկացվել, ո?ր կազմակերպություններին է դիմում հղվել: Այս մասին մեր հանրությանը ոչինչ հայտնի չէ: Ամենայն հավանականսությամբ, հայ դիվանագիտական միտքը այս պահին, ինչպես և նախկինում, գտնվում է խորը նիրհի մեջ:
Իսկ ավելի լավ չէր լինի, սեփական ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու փոխարեն, այնպիսի աղմուկ բարձրացնել, որ գոնե այս անգամ հայերի բողոքը ադրբեջանցու նենգ և անմարդկային պահվածքի դեմ լսելի դառնար մեր երկրի սահմաններիօց դուրս:
Ռիտա Կարապետյան