ՆԱԽԱՐԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՖԱՈՒՆԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի` աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա եւ մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ, ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձեւով, «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսեւորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:

 

 

 

«Ժողովուրդ»-ը փորձեց այդ լուրերի իսկությունը ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հնարավոր է՝ խորհրդակցությունների ժամանակ, աշխատանքային պրոցեսում նախարարը խիստ նկատողություններ անի աշխատակիցներին, բայց երբեւէ չի կոպտում, առավելեւս բղավում:
Շատ ենք ցանկանում հավատալ, որ նախարարության աշխատակիցը ճշմարտությունն է ասում:

 

 

 
Երեկ լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Բայց նա, ավանդույթի համաձայն, ասուլիս հրավիրելու եւ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու փոխարեն գերադասել էր մեկնել Գյումրի: Եվ ահա ՀՀ երկրորդ քաղաքում վարչապետին գյումրեցիները դիմավորել են բողոքի ցույցով: Բանն այն է, որ Մուշ 2 թաղամասում պետք է անօթեւանների համար բնակարաններ կառուցեին, նույնիսկ Սերժ Սարգսյանն էր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նման խոստում տվել, սակայն առ այսօր այդ ուղղությամբ որեւէ քայլ արված չէ: Աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրվա մասին խուսափել է խոսել. «Դե ժողովուրդը պետք է ասի, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ, որ 100 օրում բոլոր խնդիրներին տանք լուծում»,-ասել է նա: Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական բոլոր ցուցանիշները վկայում են, որ Աբրահամյանի օրոք տնտեսությունը դեռ դոփում է տեղում:

 

 

 

«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանեց, որ անձամբ է հետեւելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»: ՊՆ նախկին փոխնախարարը հավելեց նաեւ, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը: Հիշեցնենք, որ Գ.Մելքոնյանը 2008թ. մարտի 1-ից առաջ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով ազատվեց փոխնախարարի պաշտոնից, քանի որ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Մելքոնյանը եւս միացել է իրեն:

 

 

 
ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում են ավելացնել տեսախցիկների թիվը: Եվ միայն այդ նպատակով ՀՀ կառավարության վաղվա նիստում նախատեսված է խորհրդարանին տրամադրել 17 մլն դրամ: «ՀՀ Ազգային ժողովի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար, որը խիստ անհրաժեշտ է՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- նշված է որոշման նախագծում: Հիշեցնենք, որ տարեսկզբին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, խորհրարանի շենքում ներսից ու դրսից տեսախցիկներ տեղադրել էին: Ու այդ նպատակով փետրվարին ծախսվել էր 4.6 մլն դրամ` յուրաքանչյուր տեսախցիկը գնել էին 31 հազար դրամով: Այսպիսով, ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին է որոշել մեծացնել հսկողությունը ԱԺ տարածքում: Ի դեպ, կառավարությունը որոշել է 1.8 մլն դրամ էլ տրամադրել խորհրդարանում օդորակիչներ, եւ 3 մլն դրամ էլ` համակարգիչներ գնելու համար: Իսկ ԱԺ պատգամավորներն այս օրերին վայելում են իրենց վաստակած հանգիստը:




Լրահոս