ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՎԻՐՅԱԼՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը շատ ակտիվ գործունեություն է ծավալել: «Բոլոր ջոկատները, բոլոր հրամանատարները, բոլոր տղաները միավորվել են, դաշինք է կազմվում: Նախաձեռնող խումբ ունենք, երեւի դա էլ կլինի խորհուրդը»,-հայտարարեց մեր զրուցակիցը: Իսկ հարցին, թե ինչու ոչ մի կերպ չարձագանքեցին օրերս Քարվաճառում տեղի ունեցած իրադարձություններին, պատգամավորն ասաց. «Ես հրամանատարությանն առաջարկեցի, որպեսզի եթե մեր աջակցության կարիքը լինի, խմբեր կազմենք, գանք այդ որոնումներին մասնակցենք, ասացին՝ նորմալ է, խնդիր չունենք»:

 

 

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած սահմանային միջադեպերի վրա: Իսկ թե այս ամենին ինչպես են արձագանքել միջնորդները` ՀՀ ԱԳն պաշտոնական հաղորդագրության մեջ ասված չէ:

 

 

 

ԴԱՇՆԱԿՑԻՆ ՏԵՍ

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Թուրքիան հանդես է եկել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին նախաձեռնությամբ: «Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձեւերը, այդ թվում` Մաքսային միության եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: Պայմանավորվել ենք համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորել եւ սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների ու հեռանկարների ավելի խորը քննարկումները»,- ասել է Ուլյուկաեւը: Այս հայտարարությունը, թերեւս, ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում. ինչպես հայտնի է` ՌԴ-ն հիմա ցանկանում է ԵՏՄ տանել Ադրբեջանին` ակնարկելով, որ այդպես կլուծվի ԼՂ խնդիրը: Բայց առայժմ այս ծրագրի վերաբերյալ Ադրբեջանը չի տվել իր համաձայնությունը: Եվ հիմա պատահական չէ, որ ՌԴ-ն փորձում է ԵՏՄ-ի հետ կապված հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ. հավանաբար` հույս ունեն այդպես Թուրքիայի միջոցով ազդել Ադրբեջանի վրա: Միայն թե դժվար չէ կռահել, որ այս բոլոր բանակցություններին որպես խաղաքարտ օգտագործվելու է ԼՂ խնդիրը, որը ՌԴ-ն ցանկացած պահի զոհաբերելու է ըստ իր շահերի:




Լրահոս