ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Ա. Հովսեփյանը զբաղված է իր նոր «կադրերի» ընտրությամբ` նպատակ ունենալով իր թիմը ձեւավորել այն մարդկանցով, ում հետ նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեում միավորվելու են ՀՀ ոստիկանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական մարմինները:
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ քննչական կոմիտեից պարզել, թե որքան է կազմում կոմիտեում աշխատող քննիչների նվազագույն եւ առավելագույն աշխատավարձը: Ստացված պաշտոնական պատասխանում ասված է. «Քննչական կոմիտեի քննիչների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանված են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով՝ մասնավորապես նշված օրենքի 15.1-րդ հոդվածով»:
Իսկ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի 46-րդ հոդվածում նշվում է, որ «Մինչեւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննչական կոմիտեի ծառայողների վարձատրությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Քննչական կոմիտեի ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից եւ օրենքով նախատեսված այլ վճարներից»:
Ըստ սահմանված օրենքի՝ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու է 500 հազար դրամ` չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: Ամենաբարձր կոչում ունեցող քննիչը ստանալու է 300 հազար 300 դրամ, այնուհետեւ ըստ աստիճանների լինելու է 231 հազար դրամ, իսկ մարզային քննիչների աշխատավարձերի չափը կազմելու է 92 հազար 400 դրամ: Այսպիսով` կարելի է ասել, որ քննչական կոմիտեի աշխատակիցները բավականին լավ են վարձատրվելու:
Ինչ վերաբերում է Ա. Հովսեփյանի ապագա աշխատակազմին, ապա ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այնտեղ լինելու են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանը, Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը: Վերջինս երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռեւս նման առաջարկ չի ստացել: Հարցին` եթե առարաջկ լինի մերժելո՞ւ է, պատասխանեց. «Երկար կմտածեմ, շատ երկար»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս