«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունը նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գործարանը գնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ այն պատրաստվում է շուտով գործարկել:
Դեռեւս 2012 թվականի դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը թեժանում են: Նշել էինք, որ գործարանն ունի անասնապահական ֆերմա, որի գույքն ու կովերի տնօրինությունը վաճառքի է հանել: Տեղեկացրել էինք նաեւ, որ Հրազդանի «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել ողջ գործարանը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել եւ չի կարողանում անգամ աշխատողների աշխատավարձերը վճարել:
Իսկ արդեն 2014 թվականի ապրիլի 1-ից, երբ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը հայտարարեց սնանկացման գործընթաց սկսելու մասին, լուրեր էին շրջանառվում, որ գործարարն ավիաընկերության պարտքերը մարելու համար պատրաստվում է վաճառել իր ակտիվները: Եվ ահա` ցեմենտի գործարանն արդեն վաճառվել է: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է գործարանի նոր սեփականատերերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:
-Պարոն Մելքոնյան, տեղեկություններ կան, որ Դուք գնել եք «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն ու առաջիկայում պատրաստվում եք այն գործարկել: Երբվանի՞ց եք սկսելու վերագործարկումը:
-Նախ՝ ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռեւս չի ավարտվել, իսկ գործարանն էլ գնել են իմ ընկերները Մոսկվայից, ուղղակի ես պետք է իրենց օգնեմ, որպեսզի աշխատի այդ զավոդը: Դեռեւս գործընթացը կանգնած է, դեռեւս անհամաձայնություն կա մեջները, երկու կողմի մեջ էլ կան անհամաձայնություններ, որոնք, ըստ իս, շուտով հարթվելու են:
-Իսկ անհամաձայնություններն ինչի՞ հետ են կապված, գործարանի գնի՞:
-Չէ, դա արդեն իրենց գաղտնիքն է ու այն չեն հրապարակում: Ուղղակի այժմ գործընթացը կանգնած է, բայց բանակցությունները շարունակվում են: Ինձ թվում է՝ շուտով ամեն ինչ նորմալ կլինի:
-Այսինքն, բացի Ձեզանից, գործարանի համասեփականատերեր են նաեւ Ձեր ընկերնե՞րը:
-Իմ ընկերները եկել են… ես եմ իրենց խոսք տվել, որ ես իրենց ամեն ձեւով կօգնեմ, իրենք էլ ուզում են ներդրում անել, որ այդ զավոդն աշխատի, ժողովուրդն աշխատի, աշխատանքի տեղեր բացվեն եւ այլն, եւ այլն:
-Այժմ գործարանը չի աշխատո՞ւմ:
-Դեռեւս կանգնած վիճակում է, քանի որ դեռեւս բանակցություններն ընթանում են:
-Իսկ գործարանը գնած Ձեր գործընկերներն ազգությամբ հայե՞ր են:
-Իհարկե հայեր են… հիմնականում հայեր են, դե տենց հրեաներ… տենց ընկերներ ունեմ, բայց հիմնականում հայեր են: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի ու գործարանն էլ կսկսի նորմալ աշխատել, որովհետեւ արդեն երկու ամիս է՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Հսկայական գումարներ են ներդրել գործարանի նորոգման վրա: Իրենց պայմանավորվածությունից մնացել է ընդամենը մի էտապ: Վերջնական էտապն է, որ դեռեւս պետք է պայմանավորվեն, որպեսզի արդեն միանգամից գործարկվի զավոդը: Կարելի է ասել՝ մնացել է լուցկին վառեն քցեն, որ ինքն աշխատի: Ամեն ինչ արված է:
-Այս ընթացքում գործարանը բավականին մեծ պարտքեր էր կուտակել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:
-Այո, զավոդը շատ պարտքեր ունի, աշխատողներից սկսած` մնացած բոլորին պարտքեր ունի, բայց գործարանը գնողներն այդ պարտքերը վերցնում են իրենց վրա, որպեսզի իրենք փակեն: Այսինքն՝ գործարանի գնի մեջ է մտնում:
-Գործարանի աշխատակիցներն ամիսներով իրենց աշխատավարձը չեն ստացել, պատրաստվո՞ւմ եք վճարել նաեւ այդ պարտքերը:
-Մի որոշ ժամանակ հետո, երբ գործարանը լրիվ անեն իրենց անունով, արդեն աշխատավարձն ամբողջությամբ կվճարեն: Ես ինչքանով տեղյակ եմ, հունվար ամսից գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չէին ստացել, էս գնողները, ինչքանով տեղյակ եմ… նոր գնողները մինչեւ մարտի կեսերը գումարը վճարել են: Անգամ չէին էլ իմանում արդյոք իրենցը կլինի գործարանը, թե ոչ, բայց վճարել են աշխատավարձերի կեսը: Իրենք ազնիվ խոսք տալով վճարել են, առանց որեւէ փաստաթուղթ ստորագրելու: Այսինքն՝ մեծ ներդրումներն արդեն արել են, վճարումներն արել են, հասցրել են նրան, որ հենց այսօր էլ կարողանան գործարանը գործարկել: Հիմա էլ հասել են վերջին էտապին ու արդեն ամեն ինչ պատրաստ կլինի աշխատանքները սկսելու համար:
-Կարելի՞ է ասել, որ գործարանը Դուք եք ղեկավարելու:
-Ղեկավարը կարող է ես չլինեմ, բայց լինելու է անձամբ իմ հսկողության տակ, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր: Հսկողությունն իմ կողմից է լինելու:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ