ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՆԱԾ ՉԻ ԵՂԵ՞Լ

Երեկ, կալանավորել են հուլիսի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայակից ընկերոջ կրակոցից մահացած Գեւորգ Ավագյանի հետ ծառայության մեջ գտնված Արմեն Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին Արմենի ծնողները գտնվում են Ղարաբաղում: Մեր տեղեկություններով՝ կալանավորված տղան հանդիպել է ծնողների հետ եւ ասել, որ ինքը քնած չի եղել, այլ դիրքում ընդամենը նստած է եղել, որի համար էլ ինքն ու Գեւորգը վիճել են: Ավելին, ըստ լուրերի՝ մինչ կրակոցի հնչելը տղաների միջեւ լուրջ ծեծկռտուք է եղել:

 

 

 

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՎՃԱՐՈՒՄ Է
ՉԲՈՂՈՔՈՂՆԵՐԻՆ

«Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը: Ընդ որում, աշխատավարձեր ստացել են այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակիցներից. «Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը: Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել: Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորդուղեկցորդներն ու ինժեներները»: «Ժողովուրդ»-ը ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձեց պարզել, թե նախկին աշխատակիցներին ո՞ւմ միջոցներով են վճարել աշխատավարձերը. «Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը: Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ եւ ինչքան կվճարվի»: Մեր այն հարցին, թե ընկերությանը պատկանող ինքնաթիռները վաճառվել են, թե ոչ, պատասխանեց. «Դեռ ունենք վաճառքի հանված ինքնաթիռ»:
 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԿԱ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու Վիրահայոց թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանն ասաց, որ եկեղեցու մոտ իրավիճակը հանդարտ է: Ըստ մեր զրուցակցի՝ չնայած Վարաստանի ներքին գործերի նախարարությունն ասել էր, թե միջադեպը էթնիկ հողի վրա կատարված չի եղել, այլ, պարզապես, կենղացային վեճ է եղել, այնուամենայնիվ իրենք հույս ունեն, որ արդար քննություն կիրականացվի եւ մեղավորները կպատժվեն. «Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն ասել էր, թե չի բացառվում, որ էթնիկ հողի վրա կատարված լինի, մենք դեռ սպասում ենք, սակայն պետք է նշենք, որ այս պահի դրությամբ որեւէ ձերբակալված չկա»։

 

 

 

ԵՂԲԱՅՐԸ ԵՎՍ ՇՏԱՊԵՑ ՄՈՍԿՎԱ

Գործարար Լեւոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը երեկ եւս մեկնեց Մոսկվա: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Հայրապետյանի կինը՝ նշելով, որ առայժմ դեռ ոչինչ հայտնի չէ, սպասում են հուլիսի 24-ին, թե ինչ կլինի: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին պաշտոնապես հայտնի կլինի, թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին: Երեկ Մոսկվայում գտնվող իրավաբան Արթուր Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե քիչ հավանական է համարում, որ խափանման միջոց կալանքը կփոխվի: «Նաիրի» ԲԿ բժիշկ Հենրի Բակունցը, ով հանդիսանում է Լեւոն Հայրապետյանի բուժող բժիշկը, երեկ հայտարարել է, որ Լ. Հայրապետյանի հիվանդության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Մոսկվա:




Լրահոս