ԴԱՏԱԽԱԶԸ
ԱՊՕՐԻՆԻ Է ԳՈՐԾԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Հայաստանում մարդու իրավունքների խախտման մասին հերթական որոշումը: Այս անգամ պատասխանատու մարմինն, ըստ ՄԻՊ-ի` Գլխավոր դատախազությունն է, որը պատշաճ կերպով չի իրականացրել գործի քննության վերահսկողությունը:
Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների եւ ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն ուղարկվել են նախաքննության մարմին՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Կինը բողոք է ներկայացրել դատախազին՝ խնդրելով վերացնել քննիչի որոշումը եւ անցկացնել փորձաքննություն: Սակայն դատախազը եւս մերժել է կնոջ բողոքը:
Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ եւ անտեսված հակասություններ եւս:
Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազությանը` ուշադրություն հրավիրելով օրենսդրական այն պահանջին, որ դատախազությունը պարտավոր է հսկել հետաքննության եւ նախաքննության օրինականությունը, լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը եւ հարուցել քրեական գործ:
Այսպիսով, Գլխավոր դատախազության անգործության հետեւանքով խախտվել է զոհված ազատամարտիկի այրու իրավական պաշտպանության իրավունքը: Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:
Կարեն Անդրեասյանը հորդորում է Գլխավոր դատախազությանը բացառել հաճախ կրկնվող թերացումները եւ պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց:
ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԵՆ
Նախագահական նստավայրում վերջերս վերանորոգման աշխատանքներ են տարվել: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել է ջեռուցման համակարգը, բայց ոչ թե ամբողջությամբ, այլ՝ մասամբ. մոնտաժվել ու տեղադրվել են ջեռուցման համակարգի նոր խողովակներ: Այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է մոտ 144 հազար դրամ: Իսկ ահա ավտոմեքենաների վերանորոգման համար նախագահականը հսկայական՝ տարեկան տասնյակ միլիոնների հասնող գումարներ է ծախսում: