Աչաջուրը Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է, որի կենտրոնում հառնում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն կարող է եւ պետք է ծառայի քրիստոնեական ծիսական արարողությունների՝ պատարագի, կնունքի, մոմավառության համար: Սակայն այս եկեղեցին ներկայում որպես հոգեւոր օջախ չի ծառայում: Ավելին` սրբավայրը կանգնած է փլուզման վտանգի առաջ: Եկեղեցու պատերը խոնավությունից քանդվում են, իսկ մոտ վեց տարի առաջ քանդված տանիքից անձրեւներն ու ձյունը ներս են լցվում: Եկեղեցի մտնողները պետք է ուշադիր լինեն, քանզի քարերը կարող են թափվել նրանց վրա: Նշենք, որ Սուրբ Աստվածածինը 4573 բնակիչ ունեցող Աչաջրի միակ եկեղեցին է: Իհարկե` Աչաջրի անտառում է հռչակավոր Մակարավանքը, բայց այն գյուղից 7 կիլոմետր հեռավորութան վրա է գտնվում, եւ Աչաջրի հավատացյալների համար դժվար է անցնել այդ հեռավորությունը, բարձրանալ անտառի լանջն ի վեր եւ հասնել Մակարավանք: Նշենք, որ 1930-ական թվականներին կոմունիստները պայթեցրել են Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որի քարերը ներկայում որպես նստարան են ծառայում եկեղեցու շրջակա տների բնակիչների համար: Եկեղեցու զանգն էլ տեղափոխել են նախ՝ գյուղի միջնակարգ դպրոց, ապա՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան: Մարդկային ավերածություններին միացել է բնությունը՝ եկեղեցու քանդման գործընթացը շարունակելով: Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման գումարի հանգանակություն: Բացվել էր բանկային հաշվեհամար, որին պետք է գումար փոխանցեին տարբեր բնագավառներում ղեկավար դիրք զբաղեցնող, ֆինանսապես կայացած աչաջրեցիները: Սակայն այդ հաշվեհամարին շատ քիչ գումար է հանգանակվել, մինչդեռ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգման համար պահանջվում է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե եկեղեցու վերականգնման ի՞նչ ծրագրեր կան: Նա նշեց, որ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը ժամանակին խոստացել էր իրականացնել եկեղեցու նորոգումը, սակայն այդ ծրագիրն այդպես էլ չիրագործվեց: Իսկ ներկայում որեւէ նոր ծրագիր չի նախանշվում:
Նկատենք, որ հարեւան երկրի եկվոր բնակիչներն իրենց համար պատմություն են հորինում, հայկական եւ աղվանական եկեղեցիները համարում ադրբեջանական, իսկ մեր հողի վրա քանդվում-վերանում են հայոց եկեղեցիները: Մարզի գյուղերում աղոթատեղիներ չկան, եղածների մեծ մասն էլ անմխիթար վիճակում է: Այսքանից հետո էլ զարմանում ենք, որ օրեցօր Տավուշի սահմանագոտում Եհովայի վկաների եւ կրոնական այլ ուղղությունների հետեւորդների թիվն ավելանում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ