Զարգացած երկրներում ուղեւորափոխադրումները հիմնականում կատարվում են էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես մաքուր է, սակավաղմուկ եւ արտանետումներով չի աղտոտում բնությունն ու շրջակա միջավայրը: Մինչդեռ մայրաքաղաք Երեւանում 2003-2004 թվականներին տրամվայի գծերը մի խումբ կոռումպացված պաշտոնյաների կողմից ապամոնտաժվեցին եւ որպես մետաղի ջարդոն իրացվելով` հարստացրեցին նրանց գրպանները:
Ի թիվս այլ առավելությունների` էլեկտրատրանսպորտը տարվա բոլոր եղանակներին նորմալ շահագործվում է, եւ դրա արժեքը կախված չէ նավթի միջազգային գներից: Նաեւ այդ պատճառով զարգացած երկրների տեղական իշխանություններն իրենց մայրաքաղաքները բեռնաթափում են էլեկտրատրանսպորտի միջոցով: Իսկ ահա Երեւանում տրանսպորտը գերհագեցած է, որովհետեւ այսօրվա իշխանություններն ուզում են պահպանել ե՛ւ երթուղայինները, ե՛ւ ավտոբուսները: Չէ՞ որ Հայաստանում գծատերերը հսկայական շահույթներ են ստանում:
Երեւանյան կանգառներում մշտապես երթուղայինների կամ ավտոբուսների խցանումներ են, որոնք միմյանց հերթ չեն տալիս` հաճախ շչակներով ազդանշանելով եւ ուղեւորներին ստիպելով գրեթե փողոցի մեջտեղում նստել տրանսպորտ: Մինչդեռ նախկինում նման բան չկար, անգամ երբ քաղաքը մեկ միլիոնից ավելի բնակիչ ուներ: Այդ տարիներին, հիշեցնենք, ողջ ծավալով շահագործվում էին ե՛ւ մայրաքաղաքային տրամվայները, ե՛ւ տրոլեյբուսները: Հատկապես տրամվայները ներկայում մեծ տարածում ունեն, եւ հետզհետե տարբեր երկրներում մշակվում են նոր մոդելներ: Մասնագետները փաստում են. էլեկտրաշարժիչով ժամանակակից տրամվայները հարմարավետ են, արագընթաց եւ սակավաղմուկ: Նրանց համոզմամբ` քաղաքի փրկությունը էլեկտրատրանսպորտի, այդ թվում եւ` մետրոյի զարգացման մեջ է: Որպես օրինակ, նշենք, որ Մոսկվան տրանսպորտային խցանումներից բեռնաթափելու համար մինչեւ 2020թ. կառուցվելու է մետրոյի 70 նոր կայարան:
Ոլորտին քաջատեղյակ միջին տարիքի քաղաքացիներից մեկը՝ Գագիկ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տրամվայն ու տրոլեյբուսը բոլոր քաղաքացիներին օրվա պիկ ժամերին էլ կարողանում էին նորմալ, ժամանակին փոխադրել: Այսքան գազով աշխատող մեքենա կա, եւ ամեն անգամ կանգառ անելու ժամանակ վարորդները չեն անջատում մեքենայի շարժիչը, քանի որ անջատելուց հետո այն դժվարությամբ է միանում: Դա էլ բավարար է, որ օդն աղտոտվի: Իսկ այն ժամանակ, երբ մեքենան տեխզննում էր անցնում, դրա հետ մեկտեղ ստուգվում էր նաեւ մեքենայի արտանետումը, եթե արտանետումը նորմալ չէր, ապա տեխզննում չէր անցնում»:
«Ժողովուրդ»-ը «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանից տեղեկացավ, որ ընկերության հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), որից 63-ն է շահագործվում: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի եւ տարիներ շարունակ չի համալրվել նոր տրոլեյբուսներով: «Ժողովուրդ»-ը Երեմյանից հետաքրքրվեց առաջիկայում նախատեսվա՞ծ է Երեւանում տրամվայներ շահագործել, թե՞ ոչ: «Ոչ, տրամվայի մասին խոսք լինել չի կարող: Քանի որ դա կապված է մեծ գումարների հետ, ներդրումներ է պետք անել: Առաջիկայում հնարավոր է միայն Երեւանում շահագործվող տրոլեյբուսները փոխել ժամանակակից տրոլեյբուսներով»,-պատասխանեց «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենը` դժվարանալով, սակայն, նշել, թե դա երբ կլինի:
Հ.Գ. Ի դեպ, Երեւանի ավագանու վերջին ընտրություններում թե՛ ՀՀԿ-ի, թե՛ «Բարեւ Երեւան» դաշինքի, եւ թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ծրագրերում առաջնային տեղ էր գրավում էլեկտրատրանսպորտի զարգացումը: «Բարեւ Երեւան»-ի նախընտրական ծրագրում նշված էր, որ միկրոավտոբուսների քանակը համամասնորեն պետք է նվազեցվի մինչեւ 20 տոկոս` դրանք հիմնականում նախատեսելով ծայրամասերի, դրանց միջեւ կապի, ինչպես նաեւ ծայրամասերից մինչեւ մետրոյի մոտակա կայարաններ ուղեւորներին փոխադրելու համար: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ խոստանում էին մետրոյի նոր կայարաններ կառուցել: Առայժմ, սակայն, այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկված չէ: Իսկ մայրաքաղաքը շարունակում է խեղդվել գազով աշխատող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների արտանետումներից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ