ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ընդհանրապես ի՞նչ փաստաթղթով է հաստատվում աշխատանքային ստաժը: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար։

Լաուրա Ժամկոչյան (63 տարեկան, տնային
տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը՝ նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման
կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը: Ի դեպ, մինչեւ 25 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,04, իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար՝ 0,02։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ի՞նչ է լինում այն դեպքում, երբ երաշխավորը հրաժարվում է վճարել վարկի ամսական մարման գումարը։ Նման պարագայում ո՞վ է պարտավորվում վճարել այն։ Եվ կցանկանայի իմանալ, արդյո՞ք դատարան է անցնում այդ գործը։

Վարդան Սիրադեղյան (34 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան Վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար՝ Երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները եւ պարտատիրոջ՝ որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաեւ պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Այսինքն՝ պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով մեր օրերում բանկային պարտավորությունները մարելու հետ կապված բազմաթիվ դժվարություններն ու տրամադրվող վարկերի բարձր տոկոսները, հորդորում ենք մեր հայրենակիցներին լինել հնարավորինս պատասխանատու՝ խուսափելով բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ բախումներից:




Լրահոս