ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանին լարվածության աճի եւ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ: «Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, եւ անընդունելի են որակել գյուղերի եւ քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը եւ հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին»,-ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Թեեւ, ինչպես միշտ` կոչերն ու հորդորներն ուղղված են «կողմերին», սակայն դատելով «քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների» հիշատակումից` ակնհայտ է դառնում, թե իրականում ով է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հայտարարության հասցեատերը: Համենայնդեպս` գոնե վերջին շրջանում քաղաքացիական անձանց սպանությունները կապված են բացառապես ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած մամլո հաղորդագրությունում նաեւ հիշատակվում են նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց արդյունքներից ելնելով` արդեն իսկ դիտարկվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ոչ թե առաջիկա ամսում` Փարիզում, այլ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Սա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու` Ֆրանսուա Օլանդի ջանքերն ապարդյուն են եղել, եւ, առհասարակ, Ալիեւ-Սարգսյան առանձին հանդիպման հեռանկարները խիստ մշուշոտ են:
Հաշվի առնելով այն, որ երկամյա ընդմիջումից հետո անցած նոյեմբերին Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ոչ միայն որեւէ առաջընթաց չեղավ, այլեւ արձանագրվեց, թե այս ընթացքում որքան են հեռացել կողմերի դիրքորոշումները, դրան հետեւած ութամսյա դադարից հետո նոր հանդիպման կազմակերպման ձախողումն առավել մտահոգիչ է դառնում: Հատկապես` սահմանային լարվածության էսկալացիայի, ադրբեջանական օրեցօր է՛լ ավելի կոշտացող ռազմական հռետորաբանության եւ դիվերսիաների ֆոնին:
Ակնհայտ է, որ մինչ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի հանգուցալուծումը նոր հանդիպման մասին խոսք լինել չի կարող: Ի վերջո, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը սպասում են, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը: Մի տարբերությամբ, սակայն. Ադրբեջանն ակնկալում է Ղարաբաղի հարցում առավելագույն զիջումներ, իսկ Հայաստանը` հուսում, որ իրեն այդպիսիք չեն պարտադրվի:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ