ԿԼԻՆԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կիրակի օրը Սերժ Սարգսյանը մեկնելու է Ծաղկաձոր մասնակցելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման արարողությանը եւ անձամբ հաղթողին հանձնելու անվանակարգով սահմանված «Նախագահի մրցանակ»-ը : Այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պարգեւատրման ընդհանուր բյուջեն կազմում է 155 միլիոն 840 հազար դրամ, որից 108 միլիոնը նախատեսված է մրցանակային ֆոնդի համար: Միջոցառմանը ներկա են լինելու մարզպետերը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաբաթ օրն էլ նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա մասնակցելու է շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունենալու Մարտունի քաղաքում:
ԶՈՔԱՆՉԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
«Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի զոքանչը՝ Իռա Դավթյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ դատարանի դահլիճում իր փեսայի ինքնավնասման դեպքին՝ ասաց, որ էլ չգիտեն ինչ անեն. «Այս բանդայի գործը կազմակերպված է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ձեռքով, ու դրա համար ոչ մի ամբաստանյալ չի կարողանում հասնել արդար դատավճռի: Ես դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու մինչ օրս պատասխան չեմ ստացել: Այս ինչ են անում այս տղաների հետ: Ինչ է լինելու այս ամենի վերջը»:
ԿՐԿԻՆ ՏԱՐԱՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Թեւոս Սաֆարյանը` Կայարանցի Թեւոսիկը, մոտ 2 ժամ քաղաքային հիվանդանոցում մնալուց հետո տեղափոխվել է ՔԿ հիմնարկ: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, Թեւոս Սաֆարյանն աչքի բուժզննում է անցել, բժիշկների կողմից բուժումներ են նշանակվել: Հիշեցնենք, որ նա կասկածվում էր անձի առեւանգման մեջ։
4 ՄԼՆ՝ ՄԵՂՐԻԻՆ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետարանին բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով հատկացվելու է ավելի քան 4.5 մլն դրամ: Նշենք, որ Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործվել է ավելի քան 4.5 մլն դրամի էլեկտրաէներգիա: Եվ կառավարությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը եւ գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաեւ բնակչության ցածր կենսամակարդակը, որոշել է փոխհատուցել տարածաշրջանի բնակչության անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը: