ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԻՐԵՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք առայժմ սպասում են, մինչեւ ՌԴ իրավապահները ներկայացնեն գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ առաջադրված մեղադրանքի հիմնավորումները, որից հետո կամփոփեն կատարվածը եւ հանդես կգան շատ լուրջ հայտարարությամբ:

-Պարոն Ասրյան, հայազգի հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հարուցել է շատերի վրդովմունքն ու զարմանքը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը կատարվածին:

-Ըստ իս՝ ճիշտ չէր այդ ձերբակալությունը: Բայց քանի որ Լեւոն Հայրապետյանը մեծ հայրենասեր է, մեծ բարերար, հայի տեսակն ունեցող մարդ, եւ քանի որ իրավական դաշտում է այդ ամենը, հատկապես` Ռուսաստանի Դաշնության իրավական դաշտում, անձամբ ինքս այս պահին որեւէ ասելիք չունեմ:

Բայց եթե կալանավորել են ՌԴ-ում, ապա դա նշանակում է, որ չպե՞տք է արձագանքել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ մեր պաշտոնական, անգամ գործարար շրջանակները (որոշ բացառություններով) չեն արձագանքում տեղի ունեցածին: ՀՀ ոստիկանությունը, Սփյուռքի նախարարությունը մինչեւ այժմ որեւէ կերպ չեն անդրադարձել գործարարի ձերբակալությանը: Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ է:

-Ես կարծում եմ, որ Արցախի ու Հայաստանի կողմից արձագանք եղել է: Նախօրեին էլ Արցախից արդեն շատ լուրջ հայտարարություններ են արվել` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: Ես վստահ եմ, որ Հայաստանում էլ կլինի, պարզապես պետք է ճշտել իրավական դաշտում այդ գործընթացները, հետո նոր լուրջ հայտարարություններով հանդես գալ: Թե չէ` սիրողական վիճակի կլինի, ու ինչպես ասում են` աչքի տեղն ունքն էլ կփչացնենք: Ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը, տարբեր գերատեսչությունները, մեր հասարակությունը, հասարակական կազմակերպությունները պարբերաբար հայտնում են ե՛ւ իրենց դժգոհությունները, ե՛ւ իրենց վրդովմունքը: Կրկնում եմ՝ այս պահին ավելին որեւէ մեկը չի կարող անել, որովհետեւ խոսքը մեկ այլ պետության` Ռուսաստանի Դաշնության իրավական համակարգի գործընթացների մասին է: Սպասենք` տեսնենք:

-Դուք անձամբ ճանաչելով Լեւոն Հայրապետյանին, ի՞նչ եք կարծում՝ իսկապե՞ս նա կարող է կապ ունենալ այդ հանցավոր խմբի եւ հանցավոր գործարքների հետ: Տեսակետ կա, որ այդ ամենը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից: Ըստ Ձեզ, նման բան հնարավո՞ր է:

-Բոլոր մարդիկ, հայ հասարակությունն այս ժամանակահատվածում… որեւէ մեկի սրտով չէ Լեւոն Հայրապետյանին, հատկապես նման վատ առողջական վիճակում ձերբակալելը, թեկուզեւ 2 ամսով: Կոնկրետ ես սպասում եմ Լեւոն Հայրապետյանի հետ կապված ՌԴ-ի իրավական գործողությունների ընթացքին, որից հետո մենք մեր ասելիքը կասենք:

Իսկ ինչո՞ւ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը հանդես չի գալիս հայտարարությամբ` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի:

-«Հայոց արծիվներ»-ը միշտ էլ խոսք ունի ասելու, բայց «Հայոց արծիվներ»-ի անցած ճանապարհը եւ փորձն այնքան մեծ են, որ մենք սիրողական դաշտում երբեք հայտարարություն չենք անում: Այդ մասին առաջին անգամ ես եմ խոսում: Ու «Հայոց արծիվներ»-ը շատ լուրջ հայտարարությամբ հանդես կգա, գոնե իրավական դաշտի վերլուծություններն ընդհանրացնելու, ամփոփելու համար:

-Պարոն Ասրյան, հայտնի է, որ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը գործել է Լեւոն Հայրապետյանի հովանավորության ներքո: Սակայն հիմա, երբ գործարարը հայտնվել է նման վատ դրության մեջ, ինչո՞ւ Դուք Ձեր աջակցությունը ցույց չեք տալիս: Ինչո՞ւ եք սպասում ինչ-որ զարգացումների:

-Նախ ասեմ, որ այդպիսի բան երբեւէ չի եղել: Լեւոն Հայրապետյանի տեսակը լինելով հայրենասերի տեսակ՝ անցյալ, նախանցյալ տարիներին մի քանի անգամ դիմելով Լեւոն Հայրապետյանին ռազմահայրենասիրական ծրագրեր իրականացնելու ոլորտում եւ ստանալով անմիջական աջակցություն, մենք նույնիսկ իր ներկայությամբ ենք միջոցառումներն իրականացրել: Բայց, անկախ նրանից, մարդն աջակցում է «Հայոց արծիվներ»-ին, թե չի աջակցում, այս պարագայում դա ընդհանրապես կապ չունի: Գնահատելով Լեւոն Հայրապետյանի հեղինակությունը, անունը, նրա ներդրումը` հատկապես Արցախում, «Հայոց արծիվներ»-ը շատ լուրջ հայտարարությամբ է հանդես գալու: Բայց անձամբ ինձ համար, որպես «Հայոց արծիվներ»-ի ղեկավարի… ես պետք է իրավական դաշտի պատասխանները ուսումնասիրեմ, ամփոփեմ, հետո հայտարարությամբ հանդես գամ:
Հ. Գ. Երեկ Շառլ Ազնավուրն իր մտահոգությունն է հայտնել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը:

 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս