ՆՈՐ ՓԱԿԱԳԾԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ
Օրերս Մոսկվայում ձերբակալված Լեւոն Հայրապետյանի հարազատները, ընկերներն ու մտերիմներն անհանգստացած են գործարարի առողջական ու հատկապես` հոգեկան առողջությամբ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցել է Նիսի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Լեւոն Հայրապետյանի մտերիմ ընկեր եւ վստահված անձ, գործարար Մացակ Փոլադյանը: Նա նշել է, որ իրենք սպասում են բժշկական հանձնաժողովի ձեւավորմանը, որպեսզի ամենաարագ ժամանակահատվածում Լեւոն Հայրապետյանին տեղափոխեն հիվանդանոց: Փոլադյանի խոսքով`փաստաբանական խումբը զբաղվում է առաջադրված մեղադրանքների ժխտման ուղղությամբ, քանի որ պաշտպանական կողմը, նաեւ Լեւոն Հայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ընդհակառակը, մենք ուրիշ փակագծեր ենք բացում, որը դեռ չենք ուզում հանրային քննարկման առարկա դարձնել: Բացահայտում ենք անձեր, ովքեր կարող է կապ ունենան»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ անձերը Հայաստանի հետ կապ չունեն»:
ՎԱՐԴԱՆԸ ԽՄԱԾ ՉԷՐ
Վարդան Պետրոսյանի վրայից վթարի օրը ալկոհոլի հոտ չի եկել, նա ալկոհոլ օգտագործած չի եղել։ Այս մասին երեկ դատարանում հայտարարել է գործով վկա Տիգրան Խաչատրյանը, ով դեպքի օրը կատարել է փրկարարական աշխատանքներ։ «Մենք ԲՄՎ մեքենայի սիդելնիկը լոմով ջարդել հանել ենք, որպեսզի Վարդան Պետրոսյանին դուրս հանենք մեքենայից։ Վթարից հետո մեքենաները ճանապարհի եզրին էին, Եղվարդ-Երեւան ճանապարհին»,- նշել է վկան։
ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐԸ
«Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանը երեկ հերթական անգամ ինքնավնասման է դիմել` կտրելով դաստակի երակները: «Քանի որ իր դեմ բռնություններ են իրականացվել, նորից այդ ցուցմունքների ընթերցման ժամանակ վերհիշում է, հոգեբանական ծանր պահ է ապրում, այդ պատճառով էլ դիմեց այդ քայլին որպես ծայրահեղ միջոց»,-լրագրողներին ասել է նրա փաստաբանը:Նշենք, որ «Բանդայի գործով» ամբաստանյալները պնդում են, թե իրենք անմեղ են եւ միայն խոշտանգումներից հետո են ստորագրել նախաքննական ցուցմունքների տակ։
ՊԱՏՎԵՐԻ
ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերեւից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության եւ ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը: Այդ մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում: