«ՈՐՈՏԱՆ» ՀԵԿ-Ը` ՓՈՂԵՐԻ ՆՈՐ «ԼՎԱՑԱՐԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ ոլորտում հերթական մութ գործարքն է նախապատրասվում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ««Հայգազարդ» ՓԲԸ-ի մի շարք պարտավորությունների մարման մասին» որոշման նախագիծը: Ըստ այդմ, կառավարությունը թույլատրում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայգազարդ» ՓԲԸ-ին, որպեսզի վերջինս՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ էներգետիկայի նախարարությանն ու «Որոտանի հէկ» ՓԲԸ-ին ունեցած պարտավորությունները մարի իր գույքի մի մասը նրանց փոխանցելու միջոցով: «Հայգազարդ» ՓԲԸ-ն՝ ՀՀ ֆինանսների եւ ՀՀ էներգետիկայի նախարարություններին ու «Որոտանի ՀԷԿ»-ին պարտք է ընդհանուր առմամբ 8մլրդ 451.5 մլն դրամ, որն էլ վճարելու է իր ունեցվածքով: Միայն թե, այս գործարքը բավականին խրթին մեխանիզմով է իրականացվելու, եւ շատ մութ կողմեր ունի:

Դեռ 1998թ. սեպտեմբերի 18-ին, կառավարության N568 որոշմամբ՝ Հայաստանում հիմնվեց «Հայգազարդ» ընկերությունը: ՓԲԸ-ն կազմավորվեց այն բանից հետո, երբ գազի համակարգի իրական ակտիվները` գույքը ներդրվեց նոր ստեղծված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալում: Իսկ գազի համակարգի նախկին՝ թվով 11 պետական ՓԲԸ-ները միավորվեցին «Հայգազարդ» ՓԲԸ-ում:
Տնտեսագիտության մեջ կա «կալեկտոր ընկերություն» հասկացությունը, այն է՝ հիմնարկ, որը ստանձնում է մասնավորեցման հանված պետական ընկերության՝ պետության հանդեպ նախկինից ունեցած պարտքերն իր վրա վերցնողի դեր:
Հայաստանի գազամատակարարման համակարգը 1998թ. սեպտմեբերին ռուսական «Գազպրոմ»-ին վաճառվեց առանց նախկին պարտքերի: «ՀայՌուսգազարդ»-ին հանձնելուց առաջ մաքրվեցին նախկին պարտքերը, բայց դրանք ոչ թե մարվեցին, ոչ թե զիջվեցին, այլ՝ փոխանցվեցին «Հայգազարդ»-ին: Հետագայում նույնկերպ «Հայգազարդ»-ին փոխանցվեցին մասնավորեցման հանված մյուս բոլոր խոշոր ընկերությունների պետական պարտքերը: 2002-ին, երբ մասնավորեցվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, վերջինիս պարտքերը, որոնք կազմում էին հսկայական գումարներ, փոխանցվեց «Հայգազարդ»-ի հաշվին: Այդպես «Հայգազարդ»-ը «վաստակեց» նաեւ «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սեւան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ների պարտքերը: Երբ «Նաիրիտ» գործարանը մասնավորեցվելուց առաջ բաժանվեց երեք մասի՝ «Նաիրիտ»,«Նաիրիտ-2» եւ «Նաիրիտ գիահետազոտական միավորում», բոլոր պարտքերը փոխանցվեցին «Նաիրիտ-2»-ի հաշվին, իսկ վերջինս էլ, իր հերթին դրանք փոխանցեց «Հայգազարդ»-ին: Այս ՓԲԸ-ին միացվեց նաեւ «Պետպոլիմեր» ՍՊԸ-ն:
Մասնագետների պնդմամբ, սովորաբար պարտքերը կուտակելու իրավունք որեւէ ընկերություն կարող է վաստակել, եթե ինքն ունի մեծ եկամուտներ եւ կարող է ինքնուրույն պետությանը վերադարձնել գումարները: Բայց «Հայգազարդ»-ն այդ ընկերությունը չէ, նա այս տարիներին չի ունեցել գերշահույթներ, որպեսզի կարողանար հոգալ ոչ միայն իր ծախսերը, այլեւ՝ փակեր ուրիշների պարտքը: Պետությունն էլ, հակառակի նման, որեւէ կերպ չի օգնել, որպեսզի «Հայգազարդ»-ը կայանա: Արդյունքում՝ «Հայգազարդ»-ը կառավարության որոշումներով վերածվել է միայն ուրիշի պարտքերն իր վրա վերցնող ՓԲԸ-ի:
Կառավարության այսօրվա նիստի քննարկմանը դրված նախագծից երեւում է, որ «Հայգազարդ»-ն իր գործունեության ընթացքում տարբեր ընկերություններից «նվեր» է ստացել 8 մլրդ 451.5 մլն դրամ պարտք: Ընդ որում՝ խոսքը պետական պարտքի մասին է: Այսինքն՝ ժամանակին մասնավորեցման հանված ընկերությունները պարտք են եղել հենց Հայաստանի Հանրապետությանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ պետական բյուջեից առնվազն 8.5 մլրդ դրամ «դուրս է եկել ու չի վերադարձել»: Մի փաստ, որը խիստ տարօրինակ է, առավելեւս, երբ ՀՀ պետական բյուջեն չի փայլում իր հսկայական ծավալներով, բյուջեի հավաքագրումը մշտապես եղել է խնդիր, հիմա էլ՝ 8.5 մլրդ դրամը ՀՀ պետական բյուջեի համար լրջագույն եկամուտ է: Այնինչ, կառավարության գիտությամբ, այդ պարտքերն անտեսվել են ու որեւէ մեկը չի փորձել դրանք վերադարձնել: Ընդհակառակը՝ պետական բյուջեի հանդեպ պարտավորությունը համարվել է անհուսալի, ժողովրդական լեզվով ասած՝ «պարտքը գրվել է սառույցին»: Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ:
Իսկ ինչպե՞ս է փակելու «Հայգազարդ»-ն այս պարտքը: Կառավարության որոշման նախագծով նախատեսված գործարքը պետք է իրականացվի մի փոքր խրթին մեխանիզմով: Նախագծով, «Հայգազարդ»-ի պարտքի դիմաց Ֆինանսների նախարարությանը տրվելու են ՓԲԸ-ի ակտիվները. խոսքը 1մլրդ 446.2 մլն դրամի մասին է: Կառավարության որոշումից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայգազարդ»-ին մոտ 1.5 մլրդ դրամ է պարտք, եւ հիմա այդ պարտքի իրավունքը ՓԲԸ-ն տալիս է Ֆինանսների նախարարությանը:
«Հայգազարդ» ընկերությունը պարտքեր ունի նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարությանը, կառավարության որոշմամբ պետք է լուծվի նաեւ այս հարցը: «Նաիրիտ 2»-ի 46,73 տոկոս բաժնեմասն ու Տեղ-Ստեփանակերտ գազատարը պարտքի դիմաց հանձնվելու է Էներգետիկայի նախարարությանը: Բայցի այդ, տեղի է ունենալու մեկ այլ մութ գործարք: Էներգետիկայի նախարարությունից բացի, պետք է հարցը լուծվի նախարարության հաշվեկշռում գտնվող «Որոտանի հէկ» համալիրին որոշակի գույք փոխանցելու միջոցով: «Որոտանի հէկ»-ին պետք է փոխանցվի «Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերի 53,27 տոկոսը՝ 6մլրդ 420,8 մլն դրամ արժողության:
Այստեղ տարօրինակ է նաեւ «Որոտանի ՀԷԿ»-ին «Նաիրիտ 2»-ի բաժնեմասերը հանձնելը, քանի որ այս երկու ընկերությունները միանգամայն տարբեր պրոֆիլներ ունեն, միանգամայն տարբեր ոլորտներում են գործունեություն ծավալում: Ու անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է «Որոտանի ՀԷԿ»-ին տրվեն «Նաիրիտ 2»-ի բաժնեմասերը:
Մասնագետների պնդմամբ, այստեղ խնդիրը միանգամայն այլ տեղ է. իրականում հիմա էլ փորձում են «կալեկտոր» դարձնել «Որոտանի հէկ»-ին, եւ պատահական չէ, որ այս տարվա սկզբին կառավարությունն ամերիկյան ընկերությանը վաճառեց «Որոտանի հէկ»-ի միայն գույքը, իսկ բաժնետոմսերը պահեց իրեն: Նպատակը մեկն է՝ «Որոտանի հէկ»-ը, որի բաժնետոմսերը պետությանն են, հիմա դառնալու է փողերի նոր լվացարան: «Նաիրիտ-2»-ն էլ այդ գործարքն իրականացնելու մի օղակն է:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս