ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնականում մտավորականությունը եւ մասնագետները կարող են դրան մասնակից լինել, առաջարկություններ անել: Հասարակ մարդը, չոբանը, որն իր համար անասուն է արածեցնում, չի կարող սահմանադրական փոփոխություն առաջարկել»:

Ռաֆիկ Պետրոսյան «Առավոտ»
Ցավալի է, որ այսպիսի մտածելակերպ ունեցող մարդն օրենսդիր գործունեությամբ է զբաղվել, այն էլ՝ իշխող կուսակցության կազմում: Սահմանադրությունը պետք է լինի բոլորինը, հետաքրքրի եւ հասանելի լինի անգամ անասուն արածեցնող հովվին, ինչը նրա գործն է, որը նա անում է ազնվորեն, ու վատ չէր լինի, որ մեր օրենսդիրները հովվի ազնվության կեսն ունենային իրենց գործերում: Իսկ այն, որ կարիք չկա, որ հովիվն իմանա իր իրավունքների ու պարտականությունների մասին, օգտվի իր իրավունքներից, արդեն խտրական, գրեթե ռասսայական մոտեցում է: Հետաքրքիր է, ովքե՞ր են եղել Պետրոսյանի պապերը:

 
«Առաջիկա նախագահական ընտրությունները 2018-ին են, հասարակական լայն զանգվածներին ճիշտ կազմակերպելու, իրական ընդդիմադիր դաշտ ձեւավորելու եւ ճիշտ լիդերի ընտրությամբ հնարավոր է մարդկանց փողոց հանել եւ խնդիր լուծել»:
Արամ Զ. Սարգսյան «Իրատես դե ֆակտո»
Կրկին մարդկանց փողոց հանելուց է խոսում մի գործիչ, ով վերջին 10 տարիներին իր ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությամբ այդպես էլ չկարողացավ մարդ հավաքել եւ փողոց հանել: Սա այն ստանդարտ դեպքերից է, երբ քաղաքական ուժերի խոսքը գործին չի համապատասխանում, խոսել ու խոստումներ տալ, կոչեր անել կարող են բոլորը, հատկապես ընդդիմադիր կուսակցությունները, սակայն երբ գալիս է իրականացնելու, գործելու պահը, նրանց մոտ միայն ընտրազանգվածին հիասթափեցնելն է ստացվում: Նույնը վերաբերում է նաեւ ճիշտ լիդերի ընտրությանը եւ իրական ընդդիմադիր դաշտ ձեւավորելուն, ինչը նույնպես առայժմ չի ստացվում:

«Հասարակության կողմից շրջանառվող այդպիսի խոսակցությունների պատասխանը ես չեմ կարող տալ, ցանկացած մարդ կարող է ցանկացած բան ասել, բայց նման բան հաստատ չի կարող լինել՝ ծանրաբեռնվածը՝ էժան, ոչ ծանրաբեռնվածը՝ թանկ»:

Հենրիկ Նավասարդյան Yerkir.am
Բայց ոչի՞նչ, որ քաղաքային տրանսպորտի՝ տարբեր սակագների սահմանման մասին խոսակցությունները ոչ թե հասարակության կողմից են շրջանառվում, այլ այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Եվ հիմա Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, ով միաժամանակ նաեւ գծատեր է եւ ըստ այդմ տրանսպորտի թանկացման կողմնակից, ու դրա համար ջանք ու եռանդ չխնայողներից մեկն է, փաստորեն հերքում է փոխքաղաքապետին: Պարզապես տրանսպորտի թանկացման ցանկությունը Նավասարդյանի մոտ երեւի այնքան մեծ է, որ վաղը միգուցե նա կարող է նույնիսկ քաղաքապետի կարծիքը հաշվի չառնել:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս