ՀԱՄԵՍՏ ԱՊՐՈՒՍՏՈՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շատ պաշտոնյաների տեղակալներ ավելի հարուստ են, քան իրենց վերադասները: Դրա ապացույցը «Ժողովուրդ»-ի կողմից պարբերաբար ներկայացվող այս կամ այն պաշտոնյայի տեղակալների ունեցվածքի հայտարարագրերն են: Սակայն այն, ինչ այսօր կներկայացնենք, բացառությունների շարքին կարելի է դասել: Խոսքը Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի տեղակալների մասին է: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալների՝ նրանք այնքան էլ շատ դրամական միջոցներ չունեն եւ ավելի համեստ են ապրում, քան իրենց այլ գործընկեր-տեղակալները:

Սկսենք նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից: Հետաքրքիր է, որ նա, առհասարակ, դրամական միջոց չի հայտարարագրել: Ստացվում է, որ Տերտերյանն իր հաշվին ոչ մի դրամ չունի, սակայն մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից 3 մլն 488 հազար դրամ է վաստակել: Մնում է կարծել, որ նախարարի տեղակալը միայն այդ գումարով է ապրում: Արմեն Գեւորգյանի մյուս տեղակալը՝ Ստեփան Բարսեղյանը, նույնպես համեստ դրամական միջոցներ է հայտարարագրել` ընդամենը 3 մլն դրամ: Բնականաբար, Հայաստանում տիրող աղքատության ֆոնին այդքան գումար ունենալը շքեղություն կարող է համարվել, բայց պետք է նշել, որ Բարսեղյանի ունեցվածքն էականորեն զիջում է մի շարք նախարարների տեղակալների ունեցվածքին: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 1 մլն 990 հազար դրամ: Տարածքային կառավարման նախարարի մյուս տեղակալը՝ Արտաշես Բախշյանն, ունի 300 հազար դրամ եւ 3000 եվրո: Կրկին կարող ենք կարծել, որ այնքան էլ մեծ գումար չէ, բայց պետք է նկատել, որ Բախշյանը մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից եւ վարձակալության դիմաց ստացված վճարից 7 մլն 760 հազար դրամ է վաստակել:




Լրահոս