ՀՀ Շիրակի մարզի Ալվար համայնքում, որը նախկինում մոտ 270 բնակիչ ուներ, ներկայում մնացել է 130 բնակիչ, ովքեր էլ արդեն երեք ամիս է, ինչ գյուղապետ չունեն: Առաջիկայում այս համայնքում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ. առաջադրված թեկնածուները երկուսն են, երկուսն էլ կրկին հանրապետական` Սամվել Նանայանը եւ Վոլոդյա Սուքիասյանը: Գյուղում տեղի ունեցող իրադարաձությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետի ժամանակավոր պաշտոնատար Խաչատուր Պապոյանի հետ, ով նույնպես նախկինում գյուղապետ է եղել:
-Գյուղացիներին հետաքրքրո՞ւմ են ընտրությունները, ի՞նչ կարծիքի են:
-Դե, գյուղացիները խոսում են, քննարկում են: Դեռ մի քանի օր կա թեկնածու առաջադրելուն: Գուցե նրանց թիվն ավելանա:
-Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Չէ, ես չեմ առաջադրվի:
-Ինչո՞ւ:
-Ես ժամանակին աշխատել եմ որպես գյուղապետ, հոգնեցի ու դուրս եկա: Հիմա չեմ ուզում:
-Ինչի՞ց եք հոգնել:
-Դուրս եկա, որովհետեւ խնդիրներ կային. հակադարձ օրենքը չի գործում: Օրինակ՝ քաղաքացուն էլեկտրաէներգիայի վարձը չվճարելու դեպքում զրկում են հոսանքից: Իսկ երբ հողի հարկերը գյուղացին չի վճարում, ապա հողը նրա ձեռքից չեն վերցնում: Այստեղ հակադարձ օրենքը չի գործում: Դրա համար էլ մարդը հոգնում է այդ աշխատանքից:
-Ձեր աշխատելու տարիներին հողի հարկերը չե՞ք կարողացել հավաքել:
-Գնացել խնդրել եմ, զոռբայություն եմ արել, պահանջել եմ: Մնում էր մի հատ էլ գլխարկ պահեի, որ գումար գցեին մեջը, փող տային: Գիտե՞ք, պարտավորվածություն չեն զգում մարդիկ: Հողն օգտագործում են, իսկ հետո չեն վճարում դրա հարկը:
-Պարոն Պապոյան, գուցե մարդիկ եկամուտ չե՞ն ստանում, դրա համար էլ գումար չունեն, որպեսզի վճարեն:
-Օրենքը նորմալ չի գործում, եթե մարդը համապատասխան վճարումները չի կատարել, ուրեմն հողը չպետք է օգտագործի եւ վերջ:
-Տարիներ առաջ գյուղապետ եք աշխատել, կա՞ արդյոք տարբերություն նախկինի եւ ներկայի միջեւ:
-Դե, ինչպես տեղյակ եք, Շիրակի մարզն ամենաաղքատ մարզն է, դրա համար էլ դրական շատ բան այդքան էլ չկա: Գյուղում հիմա ապրում է 130 մարդ նախկին՝ 268-ի փոխարեն: Հիմա փորձում ենք միջազգային ծրագրեր գտնել, որպեսզի ինչ-որ չափով գյուղը հանենք այս վիճակից:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ