Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. սեպտեմբերի 24-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Բացմանը մասնակցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ ասաց, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային գումարներից եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է 100-150 հազար ԱՄՆ դոլար: Նկատենք, որ բավականին զարմանալի էր, որ նախարարը չգիտեր, թե շենքը վերանորոգելու եւ կահավորելու համար կոնկրետ ինչքան գումար է ծախսվել: Զարմանալի էր նաեւ այն, որ 1998 թվականից հետո պետական բյուջեի միջոցներով 2 անգամ վերանորոգված շենքի երկրորդ հարկը կոսմետիկ նորոգելու եւ այնտեղ տեխնիկական սարքավորումներ տեղադրելու համար այդքան մեծ միջոցներ էին ծախսվել:
Համալիր կենտրոնի գործարկման ժամանակ Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ կենտրոնում գործելու է «մեկ պատուհան»-ի սկզբունքը, ինչը դյուրացնելու է բնակիչներին սոցիալական ծառայությունների մատուցումը: Սակայն համալիր կենտրոնում մինչեւ հիմա «մեկ պատուհան»-ի սկզբունքն ամբողջությամբ չի ներդրվել, քանզի կենտրոնի ընդունարանում Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունն աշխատակից չունի:
Բացի այդ` համալիր կենտրոնի գործարկումից 10 ամիս անց լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող ջրերը լցվում են շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը: Կենտրոնի պահպանության, այնտեղ վառված լամպերը փոխելու համար էլ սոցապ նախարարությունը գումար չի տրամադրում: Ամեն երեքշաբթի բժշկական սոցիալական փորձաքննության հանձնաժողովը Նոյեմբերյան քաղաքում նիստեր է անցկացնում, ընդունում հաշմանդամներին, քննում նրանց հաշմանդամության խմբերում ընդգրկել-չընդգրկելու հարցերը: Այդ օրը Նոյեմբերյանի սոցիալական ծառայության աշխատակիցները ստիպված են լինում իրենց աշխատասենյակը տրամադրել վերոհիշյալ հանձնաժողովին, իրենք մնալով դրսում: Եվ սա այն դեպքում, երբ այդ շենքի երկրորդ հարկի ձախ թեւում կան դատարկ, կողպված սենյակներ:
Հ.Գ. Համալիրի գործարկման հետ կապված խնդիրների մասին մեր բազմաթիվ հրապարակումները, ցավոք, մնում են անարձագանք:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս