Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. այն կարժենա 41.85 դրամ, նախկին` 38-ի փոխարեն: Եվ, բնականաբար, դա կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ` հանգեցնելով թանկացումների հսկայական շղթայի: Կարելի է ասել, որ այդ էֆեկտն արդեն իսկ զգալի է, քանզի որոշ տնտեսվարողներ դեռ էլէներգիայի սակագինը չբարձրացած` արդեն սկսել են թանկացնել իրենց արտադրանքը:
Թե ինչպիսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կարող է ունենալ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը` «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից. «Այս պահին թվաբանական հաշվարկ չկա, թե այն ինչ ազդեցություն կունենա: Բայց առօրյա կյանքում մյուս ապրանքատեսակների վրա այն հաստատ կազդի: Մեկ-երկու ամսից դա չի զգացվի, այլ ավելի ուշ, որովհետեւ բիզնես ոլորտում էլ իրենք իրենց հաշվարկներում ժամանակ են պահանջում, որպեսզի կարողանան կողմնորոշվել, թե հոսանքի թանկացումը ինչքանով կազդի արտադրանքի վրա եւ շուկայում դրա ազդեցությունն ինչպիսին կլինի»:
Տնտեսագետի համոզմամբ՝ մրցակցային շուկայում Հայաստանն առավելություններ ուներ` հատկապես արտահանվող ապրանքների համար: Իսկ այդ առավելություններից մեկն էլ ենթակառուցվածքների էժան եւ մատչելի լինելն էր. «Բայց անընդհատ էլէներգիան թանկացնելով ոչ մի արդյունքի չենք հասնի: Նախորդ տարվա համեմատ արդեն կարող ենք ասել, որ 40 տոկոս ցերեկայինն է թանկացել, 50 տոկոս՝ գիշերայինը: Դա էականորեն այդ առավելությունները կպակասեցնի, իսկ այս ֆոնին էլ ՀՀ կառավարության անդամները դեռ խոսում են արտահանման վրա հենվող տնտեսություն ունենալու մասին: Մինչդեռ ակնհայտ է՝ էլէներգիան, գազը, ջուրը թանկացնելով դրան չենք կարող հասնել»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե որքանով է օրինաչափ էլէներգիայի թանկացումը, տնտեսագետը պատասխանեց. «Խնդիրը նաեւ դրանում է: Դա օբյեկտիվ գործոնների հետեւանք չէ, այդ թանկացումը սուբյեկտիվ գործոնների հետեւանք է: Եվ դա կապված է ընդամենը էներգետիկայի բնագավառի կոռուպցիոն ռիսկերի` կոնկրետ գնումների եւ անարդյունավետ կառավարման հետ»:
Իսկ ահա «Սպառողների միության ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը: «Ոչ ոք չի կարող կաթնամթերք պատրաստել կամ հաց թխել առանց էլէներգիա օգտագործելու: Իսկ վերջինիս սակագնի բարձրացումը կարտահայտվի տվյալ արտադրանքի կամ ծառայության գնի վրա, որն անթույլատրելի է»:
Պողոսյանը նշեց, որ այս ընթացքում միությունը բազմաթիվ նամակներ է ստացել սպառողներից, ովքեր դժվարանում են վճարել էլէներգիայի վարձավճարը:
ՀՀ Կենտրոնական բանկի գնաճի վերաբերյալ հաշվետվությունում ասվում է, որ տասներկուամսյա գնաճը Հայաստանում 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս: Այդ ցուցանիշը պայմանավորված է եղել բացառապես պարենամթերքի գների 2.3-տոկոսանոց աճով, որոնք նպաստել են 1.2 տոկոս գնաճի: Պարենամթերքի կառուցվածքում գրանցվել է գների 22.6 տոկոսանոց աճ «Բանջարեղեն եւ կարտոֆիլ» ապրանքախմբում, ինչը 1.4 տոկոսային կետով ազդել է ընդհանուր գնաճի վրա:
ՀՀ կենտրոնական բանկը 2014 թվականին կանխատեսում է 12-ամսյա գնաճ 2.5-5.5 տոկոսի սահմաններում: Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2014 թվականին ծրագրված է 4-տոկոսանոց մակարդակում` 5.2-տոկոսանոց ՀՆԱ աճի դեպքում: Սակայն առաջիկա թանկացումից հետո, թերեւս, այս բոլոր ցուցանիշները վերանայման կարիք կունենան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ