«ՆՈՐ ԱԼԻՔ»-Ը ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետն առաջարկել է Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը տեղափոխել Սոչի:
Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը մասնավորապես ասել է, որ իրենք ուրախ կլինեն «Նոր ալիք»-ը տեսնել Սոչիում, մանավանդ որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մասնավորապես հետօլիմպիական Սոչիի հարթակները:
Հայտարարությունը հնչել է Լատվիայի իշխանությունների կողմից երգիչներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի եւ Վալերիայի մուտքն արգելելու ֆոնին: Այս առիթով ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ արվեստի գործիչներին չի կարելի քաղաքականության զոհ դարձնել:
Նշված երգիչները «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամներ են, որոնց արգելել են մուտք գործել Լատվիա փաստաթղթային սխալի պատճառով:
ԲԶԵԶՆԵՐԸ
ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ
2004թ-ին Լոս Անջելեսի այգիներից մեկում The Beatles խմբի նախկին անդամ Ջորջ Հարիսոնի պատվին տնկված սոճին ոչնչացվել է բզեզների կողմից։ Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները։ Սոճին հասցրել էր 3 մ աճել. դրան կից հուշատախտակի վրա գրված էր. «Ի հիշատակ մեծ հումանիստի, ով փոխում էր աշխարհը՝ որպես նկարիչ, երաժիշտ ու այգեգործ»։
Հայտնի է, որ մահից առաջ Հարիսոնը շատ ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսում, որտեղ զբաղվել է այգեգործությամբ։
ԲԵՅՈՆՍԵՆ
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ Է
Հարաբերությունները պահպանելու բազմաթիվ փորձերից հետո աստղային զույգ Բեյոնսեն ու Ջեյ Զին այնուամենայնիվ որոշել են ամուսնալուծվել: Սակայն ամուսինները ստիպված կլինեն դա աստիճանաբար անել, քանի որ հիմա ընթանում է համատեղ «On The Run» համերգային շրջագայությունը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբեր: Մինչ այդ պահը նրանք ստիպված են միմյանց ներկայությունը հանդուրժել:
Սակայն, ինչպես հաղորդում են որոշ աղբյուրներ, ամուսնական մատանիներն արդեն հանված են, չնայած նրանք դեռ փաստացիորեն ամուսնալուծված չեն: Բանն այն է, որ «On The Run»-ը հսկայական համերգային շրջագայություն է, որի գումարի հիմնական մասը արդեն վճարված է: Ընտանիքը պահպանելու համար զույգը դիմել է բոլոր հայտնի միջոցներին, այդ թվում՝ խորհրդակցել է ընտանեկան հոգեբանի հետ: Բայց նույնիսկ երկու տարի առաջ դստեր՝ Բլյու Այվիի ծնունդը չօգնեց ամրապնդել հարաբերությունները: «Ինչ-որ փուլում նրանց հարաբերությունները բոլորի համար նախանձելի էին: Բայց հետո Ջեյ Զին հեռու գնաց, որ իրեն կարիերային նվիրի, իսկ Բեյոնսեն ընկղմվեց իր աշխատանքի մեջ: Նրանք արեցին այդքան տարածված ու դասական սխալը՝ կարծեցին, որ երեխայի ծնունդը կօգնի վերականգնել երբեմնի կիրքն ու մերձությունը: Բայց դա տեղի չունեցավ»,-ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
ԱՆՍՊԱՍԵԼԻ «ՍԵԼՖԻ»
Իսպանացի դպրոցականները, ովքեր որոշել էին ուրբաթ երեկոյան կինոդիտման գնալ, աննախադեպ հաջողության են հանդիպել: Մադրիդի կինոթատրոններից մեկում աշակերտուհիները հանդիպել են արքայական զույգին` Ֆիլիպ թագավորին եւ նրա կնոջը` թագուհի Լետիսիային: Թագավորական զույգը եւս որոշել էր հանգստյան օրերին ընդառաջ լավ ժամանակ անցկացնել` այցելելով «Կապիկների մոլորակը. Հեղափոխություն» նոր ֆիլմի դիտմանը:
Ամուսնական զույգին անմիջապես ճանաչելով` աղջիկները մոտեցել եւ զրույցի են բռնվել նրանց հետ: Չնայած բարձրաստիճան դիրքին` արքայական զույգը չի հրաժարվել երեխաների հետ շփվելուց: Դոնյա Լետիսիան հատկապես բարեհամբույր է գտնվել եւ սիրով համաձայնել է լուսանկարվել նրանց հետ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Ֆիլիպ VI արքան թագադրվել է մոտ մեկ ամիս առաջ եւ իր պարտականությունները ստանձնել է հունիսի 19-ին:
ԱՆՀԵՏԱՑԱԾ ԿՏԱՎՆԵՐԸ
Մադրիդի Պրադո թանգարանի տնօրինությունն աուդիտի ժամանակ հայտնաբերել է, որ արվեստի 885 գործ անհետացել է: Թանգարանի հավաքածուում հաշվվում է մոտ 27.5 հազար գործ: Հավաքածուն աշխարհում խոշորագույններից մեկն է: Նշենք, որ միայն 2012-ին թանգարանը 176 գործ ուղարկել է այլ հաստատություններ, ինչպես նաեւ օտարերկրյա ցուցադրությունների համար տրամադրել 288-ը: Իսպանիայի աուդիտորների դատարանը թանգարանի ղեկավարությանը կոչ է արել գտնել անհետացած գործերը եւ խնամքով վերաբերվել դրանց պահպանմանը:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանում եւս ժամանակին եղան նման դեպքեր, երբ տարբեր թանգարաններից խորհրդավոր կերպով անհետացան Մարտիրոս Սարյանի եւ Մինասի արժեքավոր կտավները: Մինչ օրս, սակայն, դրա համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել: