Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ. ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: «Սփյուռք» ամառային դպրոցը Երևանի պետական համալսարանի հետ իրականացվում է 2012 թվականից, և տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակից երկրների աշխարհագրությունը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ավարտվեց ամառային դպրոցը, սակայն սրանով ազդարարվեց համայնքներում իրականացվելիք հայապահպան մեծ գործի սկիզբը: Հայրենիքից դուրս հայապահպանությամբ զբաղվելը մեծ զոհաբերություն է: Հատկապես սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ կայացավ «Սփյուռք» ամառային դպրոցը: Դուք այժմ կվերադառնաք Հայրենիքով հզորացած՝ ձեռք բերած գիտելիքները բնակության երկրներում կիրառելու և հայրենակիցներին փոխանցելու»: Նախարար Հ. Հակոբյանը առանձնահատուկ կարևորեց Սփյուռքում հայկական դպրոցների և ուսուցիչների՝ հայակերտումի ազգանվեր ու սրբազան գործունեությունը: Նախարարը շնորհակալություն հայտնեց մեր հայրենակիցներին Հայրենիք այցելելու և ամառային դպրոցին մասնակցելու համար և նշեց, որ ծրագրի ավարտից հետո կամփոփվեն մասնակիցների առաջարկները և տեղ կգտնեն նախարարության հետագա ծրագրերում: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր մասնագետներին այս ծրագրի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Ելույթով հանդես եկավ նաև ամառային դպրոցի՝ ԵՊՀ պատասխանատու Կամո Աթայանը:

Ամառային դպրոցի մասնակիցները նախարար Հ. Հակոբյանից ստացան ծրագրի մասնակցության հավաստագրերը: Մասնակիցները մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց տպավորությունները և երախտագիտության խոսքեր հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը նման արդյունավետ ծրագրի կազմակերպման և Հայրենիքում վերապատրաստվելու հնարավորության համար:

Միջոցառման ավարտին ծրագրի մասնակիցները հանդես եկան հայրենասիրական երգերի և պարերի կատարումներով: Ելույթ ունեցան նաև ամառային դպրոցի ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները և ԵՊՀ մշակույթի կենտրոնի անդամները:

«Սփյուռք» ամառային դպրոցը 2014թ. իրականացվել է վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի ավելացել է «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը:

Դասընթացները վարում էին Հանրապետության և Սփյուռքի լավագույն մասնագետները: Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել պատմական և մշակութային վայրեր, այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր, Ազգային Ժողով, կառավարություն և արտաքին գործերի նախարարություն, հանդիպումներ ունեցան պետական և մշակութային նշանավոր գործիչների հետ: Նշենք, որ այս տարի ծրագրին մասնակցում էին մոտ 240 մասնակից աշխարհի շուրջ 20 երկրից:




Լրահոս