Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:
Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել են: ՀՀ զինված ուժերի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված եւ վրեժխնդրությամբ տրամաբանված քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:
Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին եւ հայ հասարակությանը կոչ է անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ եւս պատժվելու է ամենայն խստությամբ: