Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երեւույթին նպաստող պատճառներին, հետեւանքներին եւ կանխման հնարավորություններին, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում` Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին»: Նկատեցի՞ք, թե որքան կարեւոր հարցեր են շոշափվել ՀԽ անդամների հետ հանդիպման ժամանակ, սակայն ՀՀ նախագահի նստավայրի կողմից տարածված հաղորդագրության մեջ ճոխ-ճոխ անդրադարձ է արվել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշման ու ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերին, որ իրենք ակտիվ քննարկումներ են ունեցել այդ փոփոխությունների վերաբերյալ: Նաեւ նշված է, որ Ս. Սարգսյանը դեմ է արտահայտվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու խնդրին: Իսկ թե ինչ է խոսվել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն առնչվող խնդիրների վերաբերյալ, որեւէ տող չկա: Իսկ սա պատահական չէ, քանի որ անգամ ՀԽ անդամների համար է անընդունելի արտագաղթն ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել: Եվ կառավարությունում բոլոր հարցերը լուծվում էին հենց Դ.Հարությունյանի միջոցով: Ասել է թե՝ Դ.Հարությունյանն իրեն պահում էր ինչպես վարչապետի տեղակալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը վերջերս սկսել է կամաց-կամաց նվազեցնել նրա լիազորությունների շրջանակը` թողնելով միայն մասնագիտական ոլորտում հարց լուծելու հնարավորություն: Ըստ շշուկների՝ այս հարցում որոշակի դերակատարում ունի Դ.Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանը: Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այս լուրերը: «Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում` հայրիկին, թե մայրիկին: «Հավասար, որովհետեւ երկուսին էլ չեմ սիրում»,- ասաց նա: Հիմա երկու լուրերն էլ հավասարապես չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց Դավիթ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է: Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը: Մինչդեռ, հունվար-մայիս ամիսներին արտաքին առեւտրաշրջանառության աճը 2.3 տոկոս էր (3.2 տոկոս աճել էին արտահանման, 2 տոկոս ներկրման ծավալները): Իսկ 2013թ. ընթացքում այդ աճը կազմել էր 5.6 տոկոս: 7.2 տոկոս ավելացել էին արտահանման, 5.1 տոկոս` ներկրման ծախսերը: Ասել է թե՝ այդ աճը գնալով ավելի ու ավելի է նվազում, իսկ դա պայմանավորված է մեկ հանգամանքով. Հայաստանում իրականում նվազել են սպառման ծավալները: Դրա պատճառն էլ մեր երկրում օրեցօր ավելացող արտագաղթի ծավալներն են:
Երեկ Aravot.am-ը գրել էր, որ Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում՝ Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի միջնեկ եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Նրա մարմնից հայտնաբերել են 4 փամփուշտ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես համայնքային գույքի, հաշվառման եւ կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ եւ ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետեւանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որեւէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որեւէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,-ասաց սպանվածի եղբայրը: