ՌԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է «ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ» ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Լեւոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարկարյանը երեկ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է, որ օրվա ընթացքում Լ. Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու: Սակայն մինչեւ օրվա ավարտն այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց, իսկ թե ինչու` առայժմ հայտնի չէ:

Փաստաբանը նշել էր, որ Հայրապետյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով փողերի յուրացման եւ լվացման մեջ: Բայց մինչեւ այսօր հանրության համար անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Լ. Հայրապետյանը ձերբակալվել եւ ո՞րն է նրա կատարած հանցանքը: Հայտնի է, որ ՌԴ-ում եւ ՀՀ-ում խոշոր գործարարները «մաքրամաքուր» գործունեություն չեն ծավալում ու իրենց միլիոնները վաստակում են օրենքի մանր ու մեծ խախտումներով: Հետեւաբար, ի՞նչն էր Լ. Հայրապետյանի սխալը, որը գրավեց ՌԴ ղեկավարության ուշադրությունը:
Ըստ ամենայնի, դա կապված է ոչ այդքան բիզնես նախագծերի, որքան Լ. Հայրապետյանի ունեցած կապերի հետ, որոնց մասին տարբեր ժամանակահատվածներում միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել: Պատահական չէ նաեւ այն, որ այս օրերին համացանցում շրջանառության մեջ է դրվել մի լուսանկար, որտեղ Լ. Հայրապետյանի կողքին ջերմորեն ժպտում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Թե որքանով դա կարող է առնչություն ունենալ Հայրապետյանի նկատմամբ ռուսական իշխանությունների վերաբերմունքի փոփոխության հետ` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների այս փուլում Բարաք Օբամայի հետ հանդիպող հայազգի գործարարը չի կարող դասվել Պուտինի մերձավորների թվին:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանից պարզել՝ արդյոք Բ. Օբամայի եւ Լ. Հայրապետյանի հանդիպումը կարո՞ղ էր այս ամենի հետ որեւէ կապ ունենալ. «Ամեն ինչ կապված է ՌԴ-ի` մեր տարածաշրջանի հետ կապված հետաքրքրության եւ նկրտումների հետ: Լ. Հայրապետյանն անում է մի քաղաքականություն, որը դեմ է ՌԴ քաղաքականությանն ու Ռուսաստանն էլ գիտեր, թե Արցախում ինչով է զբաղված Լ. Հայրապետյանը: Դա մի քաղաքականություն էր, որը պետք է խթաներ ԼՂՀ-ի ու արցախցու հաստատակամ մնալուն, ինչն էլ դեմ է ռուսական շահերին: ՌԴ-ն այսօր այլ շահեր է հետապնդում: Սա բացարձակ սադրանք է ՀՀ-ի, Արցախի ու Լեւոն Հայրապետյանի նկատմամբ»:
Անկախ պաշտոնական վարկածից եւ Հայրապետյանին առաջադրվելիք մեղադրանքից, հայտնի փաստ է, որ նա Արցախի անկախության ճանաչման ամենամեծ լոբբիստն էր ու ազատագրված տարածքների վերադարձման հարցում ամենակոշտ դիրքորոշումն ուներ: Որքան էլ փորձենք հավատալ, որ Հայրապետյանի ձերբակալման հարցում չկա քաղաքական ենթատեքստ, այդուամենայնիվ պետք է փաստել, որ Լ. Հայրապետյանը տարածքների հանձնման հարցում կարող էր լուրջ խոչընդոտ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եւ ինչու ոչ` նաեւ ՀՀ իշխանությունների համար: Ուստի չի բացառվում, որ նրան կալանավորել են, որպեսզի «դաստիարակեն» Արցախի հարցի` ոչ հայանպաստ լուծմանը չխոչընդոտելու համար:

 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս