«ԲԻԶՆԵՍՈՎ ՉԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ԿՐԱԿԸ ՎԱՌ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է կենտրոնանա հարկահավաքության վրա, այլ պետք է մտածի բոլորի մասին:

-Պարոն Հակոբյան, օրերս լրացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Ըստ Ձեզ, այս ընթացքում ՀՀ տնտեսությունում առաջընթաց եղե՞լ է: Արդյո՞ք Հ. Աբրահամյանին հաջողվել է որեւէ բան փոխել:

-Միայն փոփոխվել են տրամադրությունները:

-Այսինքն:

-Այսինքն՝ խոսում են, թե ինչը լավ կլինի, ինչը՝ վատ, միայն այդ տրամադրությունները կան: Պարզապես պետք է սպասել, թե 100-րդ օրից հետո ի՞նչ է փոփոխվելու, ի՞նչ է տեղի ունենալու: Պետք է ընդհանրապես հույսեր կապենք, քանի որ եթե հույսեր չունենանք, ապա որեւէ բանի չենք կարող հասնել:

-ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին երկրի տնտեսությունն աճել էր 3.4 տոկոսով: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս տարվա համար խոստացել էր ապահովել 4 տոկոս աճ: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով: Եթե մինչ այժմ որեւէ ակնհայտ աճ չի նկատվում, ըստ Ձեզ՝ հետագայում ինչպե՞ս պետք է դա լինի:

-Գիտեք ինչ, այդ տնտեսական աճը կարող է 1 տոկոս էլ լինի, 3 էլ լինի, 5 էլ լինի, բայց կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի այդ տնտեսական աճն իր վրա, իր ընտանիքի վրա զգա, գործարարը զգա իր տնտեսության վրա, ձեռնարկության վրա: Թե չէ, ասենք՝ հիմա նկարած լինեն 5 տոկոս կամ 8 տոկոս տնտեսական աճ, դա ի՞նչ է տալու: Յուրաքանչյուր քաղաքացի, դուք, մենք պետք է դա զգանք` կա՞ տնտեսական աճ, թե՞ չկա: Եթե տնտեսական աճ կա, ապա պետք է պարզել, թե ինչի համար են քաղաքացիները վատ ապրում, կամ ձեռնարկությունները եթե պրոբլեմ ունեն, ապա ի՞նչ աճի մասին է խոսքը: Ես կարծում եմ` մարդիկ ազնիվ են, որ այդ տնտեսական աճը 0.1 տոկոս են գրել, դա ազնիվ է: Կարող էին գրել, ենթադրենք, 5 տոկոս ու մենք խոսեինք, ասեինք՝ տեսեք 5 տոկոս տնտեսական աճ կա, բայց դա մեզ վրա չի երեւում: Իսկ իրենք ազնիվ են եղել՝ նման ձեւով են գրել:

-Որպես գործարար, Ձեր գործունեության մեջ որեւէ փոփոխություն նկատե՞լ եք, առաջընթաց կա՞:

-Ոչ, ես միայն հետընթաց եմ նկատում:

-Փաստորեն ստացվում է, որ ՀՀ կառավարությունում ընդամենն անձերի փոփոխություն է տեղի ունեցե՞լ:

-Պետք է ուղղակի օրենքները համապատասխանեցնել, մենաշնորհը վերացնել, բանկային համակարգը լուրջ փոփոխությունների ենթարկել: Պետք է այդ կանոնները պահվեն, որպեսզի տնտեսությունը գնա զարգացման, եթե մենք այդ կանոնները չկարողացանք պահել, ուրեմն մենք չենք կարողանա տնտեսությունը զարգացնել:

-Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպում ունեցավ ու պահանջեց այսուհետ աշխատել առանց ստվերի: Դուք, լինելով գործարար, ի՞նչ եք կարծում, այսօր ՀՀ-ում հնարավո՞ր է աշխատել առանց ստվերի:

-Ես չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, ովքեր ստվերում կաշխատեն, բոլորն էլ աշխատում են նոր մեթոդներով, հարկային տեսչությունն էլ իր գործունեությունն այնպես է իրականացնում, որ որեւէ գործողություն չկարողանան այլ կերպ անել:

-Դուք այժմ բիզնեսով եք զբաղվում…

-Չի կարելի ասել՝ բիզնեսով ենք զբաղվում, ուղղակի կրակը վառ ենք պահում, որպեսզի չհանգի, եսիմ ինչեր չենք անում:

-Այսինքն՝ Ձեր գործունեությունը եւս գնում է «հանգմա՞ն»:

-Կոնկրետ ինձ համար գնում է հանգման, ուրիշների համար որեւէ բան չեմ կարող ասել, բայց կոնկրետ ինձ համար հանգում է: Պետք է իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի ավելի ճիշտ, ավելի որակով, ավելի մասնագիտորեն աշխատենք: Պետք է համոզենք, որ ամեն ինչ լավ լինի, ուրիշ ինչ պետք է անենք, բացի համոզելուց, թե չէ երկրից գնալ բոլորն էլ կարող են: Ու դա անենք մեր խորհուրդներով, մեր հանդիպումներով, ասենք, բացատրենք, որ մարդիկ փոխված աշխատեն:

-Երբեւէ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք, ներկայացրե՞լ եք Ձեր մտահոգությունները:

-Չէ, վարչապետի հետ չեմ հանդիպել, բայց ես միշտ ասել եմ, հայտարարել եմ դրա մասին: Ես ասել եմ, որ վարչապետը ոչ թե պետք է լինի հարկային տեսչության վարչապետը, այլ պետք է լինի բոլորի վարչապետը: Էնպես չի, որ ինքը մենակ պետք է հարկերի առումով մտածի, դրա համար կա նախարարություն, որն էլ կոնկրետ դրանով է զբաղվում: Վարչապետը պետք է լինի կենտրոնում, տեղյակ լինի ամեն ինչից: Իսկ եթե վարչապետը միայն հարկահավաքությամբ զբաղված լինի, ապա բնական է, որ ավելի վատ է լինելու: Ինքը պետք է նայի բոլորին հավասար: Ինչպես ՀՀ նախագահը:

 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս